Լրահոս
Անպոչ գդալի բարդույթը
Օրվա լրահոսը

Անձնական տվյալները հավաքվում են քրեական դատավարության նպատակներից ու հիմքերից դուրս

Օգոստոս 29,2025 12:30

Օգոստոսի 26-ին Սահմանադրական դատարանի դատական կազմը ՍԴԴԿՈ-43 որոշմամբ մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցի անհատական դիմումով գործի քննությունը

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ներկայացուցիչը ներկայացնելով թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը` Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշել էր, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հակասում է ոչ միայն անձի՝ իր վերաբերյալ հավաքված օպերատիվ տեղեկատվությանը ծանոթանալու սահմանադրաիրավական երաշխիքին, այլ նաեւ Սահմանադրության 34-րդ հոդվածով ամրագրված անձնական տվյալների պաշտպանության իրավունքին: Դիմողի պնդմամբ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը որոշակիորեն չի երաշխավորում անձի` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իր վերաբերյալ հավաքված անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը այն դեպքերում, երբ անձնական տվյալները հավաքվում են քրեական դատավարության նպատակներից ու հիմքերից դուրս, ազգային անվտանգության, հետախուզության, հակահետախուզության, եւ այլ նմանատիպ նպատակներով, որոնք անխուսափելիորեն չեն հանգեցնելու 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9 3 կետերով նախատեսված հանգամանքներին կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման in rem վարույթի հարուցմանը:

Ըստ դիմումատուի՝ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը անհամատեղելի է Սահմանադրության 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով» սահմանադրաիրավական երաշխիքի հետ, քանի որ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է. «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին», որտեղ «տվյալների» շրջանակի վերաբերյալ որեւէ վերապահում արված չէ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցի (ներկայացուցիչ՝ փաստաբան Անի Չատինյան) դիմումը Սահմանադրական դատարանում էր 2025 թ. օգոստոսի 11-ից:

Դիմումատուն խնդրել է. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի 4-րդ մասին անհամապատասխան ու հակասող՝ այնքանով, որքանով 6-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված երաշխիքը սահմանում է միայն այն տվյալների համար, որոնք հնարավոր է տրամադրել քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելու կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ավարտվելու արդյունքում:

Ըստ Սահմանադրական դատարանի դատական կազմի` ներկայացված դիմումով չի հիմնավորվում թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի շրջանակներում դիմողի նկատմամբ իր կողմից վիճարկվող՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառված լինելը, քանի որ դիմումի եւ կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից պարզ է դառնում, որ թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի շրջանակներում ՀՀ դատարանները արտահայտել են միեւնույն իրավական դիրքորոշումը դիմողի՝ իր ենթադրությունների վրա հիմնված այն պնդման կապակցությամբ, ըստ որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ապօրինի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնելու արդյունքում իր եւ իր կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ են հավաքագրվել: Մասնավորապես, խնդրո առարկա պարագայում հարկ է վկայակոչել 2024 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից արտահայտված, սույն անհատական դիմումի քննարկման առարկա հանդիսացող հարցի հետ կապված դիրքորոշումը. «Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով դատաքննությամբ հաստատված փաստերով չի հաստատվում Պատասխանողի կողմից կամ իր միջնորդությամբ բողոքաբերի եւ կազմակերպության վերաբերյալ պատասխանողի կողմից կամ իր միջնորդությամբ եւ 10.12.2019թ. Ծառայության պաշտոնական կայքում հրապարակված ու հայցվորի 13.12.2019թ. դիմումով մեջբերված հայտարարության առնչությամբ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացված լինելու հանգամանքը»: Դիմողի կողմից վիճարկվող դրույթը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը վերջինիս նկատմամբ որեւէ կերպ չի կիրառվել, քանզի տվյալ դրույթով թույլատրվում է միայն այն նյութերի եւ փաստաթղթերի հրապարակայնությունը, որոնք ստացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումների հետեւանքով, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Սահմանադրական դատարանի դատական կազմը դիմողի դիրքորոշումների եւ ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում եզրահանգել է, որ դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի՝ թիվ ՎԴ6/0132/05/23 վարչական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված լինելը։

ՍԴ-ն հղում էր կատարել իր` 2021 թ. հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմանը, որով արձանագրել էր, որ հնարավոր են նաեւ այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետեւանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետեւաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաեւ այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որեւէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետեւանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031