Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած համաձայնությունների թեման մի քանի շաբաթ է, ինչ քննարկումների բուռն տիրույթում է։ Ընդ որում, քննարկումների ընթացքում Վաշինգտոնյան հանդիպումը դիտարկվում է տարբեր կողմերից։ ՀՀ իշխանությունները և նրանց հարող շրջանակներն առաջնորդվում են Վաշինգտոնյան հանդիպման մասին ասել կա՛մ ոչինչ, կա՛մ միայն դրականը սկզբունքով։ Իսկ այն մարդիկ ու վերլուծաբանները, որոնք խութեր են տեսնում օգոստոսի 8-ի հանդիպման արդյունքում ձեռք բերված համաձայնությունների համատեքստում կամ քննադատում են դրանք, դիտարկվում են որպես «հինգերորդ շարասյուն» կամ ուղղակի «խաղաղության հակառակորդներ»։ Ընդ որում, ՀՀ իշխանությունները փորձում են այնպիսի ֆոն ստեղծել, թե խաղաղության հասնելու ճանապարհին ահռելի «դիվանագիտական հաղթանակ» են տարել, որը նախկինում երբեք չի հաջողվել։
Օրինակ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանն արդեն իսկ հայտարարում է, թե օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաձայնություններով արձանագրվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այլևս խաղաղություն է։ Փաշինյանն էլ իր խոսքում ամեն անգամ անդրադառնում է Վաշինգտոնյան համաձայնություններին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բախման հավանականությունն այսօր ամենացածր մակարդակում է։
Իսկ իրականում իշխանությունները շատ են շտապում «փիառային» արձանագրումներ անել, քանի որ առկա են փաստեր, որոնք վկայում են հակառակի մասին։ Նախ՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը դեռ չի նշանակում, թե այն անպայման վավերացվելու և ուժի մեջ է մտնելու։ Ավելին, նույնիսկ նախաստորագրումից հետո ադրբեջանական կողմը շարունակում է պահանջների լեզվով խոսել Հայաստանի հետ։ Առաջին հերթին այդ պահանջը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն։ Ու եթե անգամ Հայաստանը գնա նոր Սահմանադրություն ընդունելու ճանապարհով, որը ժամանակատար պրոցես է, ապա դա նշանակում է, որ մոտ մեկ տարի ուժի մեջ մտած խաղաղության պայմանագիր չենք ունենալու։ Բայց նույնիսկ Սահմանադրության փոփոխությունը չի ենթադրում, որ դրանից հետո ադրբեջանական կողմից այլ պահանջներ չեն հնչի։ Ու դրա համար արդեն իսկ հող նախապատրաստվել է։ Բաքվից անընդհատ հայտարարություններ են հնչում, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի շուրջ։ Ու հաջորդ նախապայմանը կարող է հենց դա լինել։ Կամ կարող են պահանջներ ներկայացվել այն մասին, որ Հայաստանը չպետք է ունենա մարտունակ զինված ուժեր։
Մյուս կողմից էլ՝ Բաքուն ընդհանրապես շահագրգռվածություն չունի խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ալիևը շարունակում է սպառնալ և վիրավորական արտահայտություններ թույլ տալ Հայաստանի ու հայ ժողովրդի հասցեին։ Զուգահեռաբար Ադրբեջանը շարունակում է ավելացնել իր ռազմական բյուջեն, ստեղծել նոր զինական միավորումներ, մեծ քանակությամբ սպառազինություններ գնել, բանակը համապատասխանեցնել թուրքական մոդելին ու թուրքական զորամիավորումների հետ համատեղ զորավարժությունների մասնակցել։ Այնինչ Հայաստանում ֆինանսների նախարարը հայտարարում է, որ կարող են դիտարկել ռազմական ծախսերը նվազեցնելու հարցը։ Չէ՞ որ արդեն խաղաղություն է հաստատվել։
Կարդացեք նաև
Բացի այդ, անգամ եթե խաղաղության համաձայնագիրը կնքվի ու վավերացվի էլ, դա դեռ չի նշանակում, թե Ադրբեջանը գործելու է դրան համապատասխան։ Հենց Ալիևն էր հայտարարում, թե միջազգային իրավունքն իր համար չի գործում և ցանկացած խաղաղության պայմանագիր ընդամենը թղթի կտոր է։
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում