Լրահոս
Օրվա լրահոսը

1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանը հանդիսացել է ոչ թե պետականության հատկանիշներով օժտված պետություն, այլ արհեստական, կեղծ կազմավորում․ Ստեփան Հասան-Ջալալյան

Օգոստոս 30,2025 11:10

34 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1991թ. օգոստոսի 30-ին, Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր՝ այդպիսով ազդարարելով Խորհրդային Միության կազմից Ադրբեջանի դուրս գալու մասին։

Հռչակագրով Ադրբեջանը վերականգնել է 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած, սակայն միջազգայնորեն չճանաչված Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Ահա այդ հռչակագրի լուսապատճենն ուշագրավ հատվածների նշագծմամբ.

Հարկ է նշել, որ 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը դասական իմաստով չի եղել պետություն, այլ եղել է արհեստական, կեղծ կազմավորում:

Ադրբեջանի արհեստական լինելու մասին 1916-1920թթ. ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, քաղաքական և հասարակական գործիչ Անտոն Դենիկինը, մասնավորապես, գրել է. «Ադրբեջանական հանրապետությունում ամեն ինչ արհեստական էր, «ոչ իրական»՝ սկսած անվանումից, որը վերցված էր Պարսկաստանի նահանգներից մեկից: Արհեստական տարածք, որն ընդգրկում էր լեզգիական Զաքաթալան, հայ-թաթարական Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները, ռուսական Մուղանը, որը թուրքական քաղաքականության կողմից միավորվել էր, որպես Կովկասում պանթուրքիզմի և պանիսլամիզմի հենակետ: Արհեստական պետականություն, քանի որ ժողովուրդների մեծ վերաբնակեցման ճանապարհին ընկած հողերում միշտ բնակվում էին միմյանց հաջորդող նվաճողների բազմազան մշակույթների ներգործությանը ենթարկված մանր ցեղեր, որոնք թշնամություն էին անում միմյանց նկատմամբ և մինչ օրս պահպանում էին քոչվորական կենսակերպին բնորոշ գծերը: Վերջապես, արհեստական էր պահվում նաև ադրբեջանական կառավարությունը՝ սկզբնապես Նուրի փաշայի կամքով, այնուհետև՝ գեներալ Թոմսոնի, հետագայում՝ ուղղակի իներցիայով:

…Ադրբեջանում քաղաքական կուսակցությունները, որոնք ի հայտ էին եկել միայն 1918 թվականին, նույնպես ինչ-որ ոչ իրական էին։

…Ադրբեջանական բանակը նույնպես իրական չէր: Այն կազմավորումները, բաղկացած հիմնականում թուրք կամավորներից, որոնք Մարսալա փաշայի զորքերի հետ միասին գրավեցին Բաքուն, լուծարվեցին անգլիացիների ճնշման տակ, և կառավարությունը սկսեց ձևավորել նոր զորամասեր ռուսական ծառայության գեներալներ Մեհմանդարովի (զինվորական նախարար), Սուլկևիչի (Ղրիմի նախկին կառավարիչ), Ալի-Աղա-Շախլինսկու (հրետանային գնդի պետ) և այլոց գլխավորությամբ…

Կանոնավոր ծառայության նկատմամբ անդրկովկասյան թաթարների ծայրահեղ հակակրանքի պատճառով բանակի կազմավորումը վճռականորեն չէր հաջողվում, իսկ զանգվածային դասալքությունը վերջնականապես խաթարեց նրա շարքերը: Եվ գեներալ Մեհմանդարովը մի անգամ ստիպված եղավ խորհրդարանում հայտարարել, որ իր բանակը մարտունակ չէ…»:

Մեջբերումը խիստ արժեքավոր է: Նկարագրվածը մեծ հավանականությամբ պետք է համարել լիովին ճշգրիտ և իրական, քանզի նախ՝ դրանք ականատես վկայի խոսքեր են՝ այդ ամենը հեղինակը տեսել է անձամբ իր աչքերով:

Երկրորդ՝ դրանք առաջին անգամ հրապարակվել են Ադրբեջանի հռչակումից ոչ թե տասնամյակներ, կամ հարյուրամյակներ հետո, որ կարելի լինի կարծել, թե նշված տեղեկությունները չափազանցություն են, կամ՝ սխալ, այլ ընդամենը յոթ տարի անց՝ 1925 թվականին: Այսինքն՝ մեջբերվածի վերաբերյալ հեղինակի հիշողությունները եղել են բավականին թարմ:

Եվ երրորդ՝ մեջբերված տեղեկությունները հաստատվում են նաև այլ աղբյուրներով: Նշված պատճառներով էլ գեներալ Ա. Դենիկինի հայտնած տեղեկություններն Ադրբեջանի վերաբերյալ պետք է համարել եռակի արժեքավոր:

Այսպիսով, գեներալ Ա. Դենիկինի վկայությունների հիման վրա կարող ենք պնդել, որ 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանը հանդիսացել է ոչ թե պետականության հատկանիշներով օժտված պետություն, այլ՝ արհեստական, կեղծ կազմավորում:

Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վերոնշյալ հռչակագրի մեջ հրապարակել է ակնհայտ կեղծ տեղեկություն առ այն, որ 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը եղել է միջազգայնորեն ճանաչված պետություն:

Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգան 1920թ. դեկտեմբերի 1-ին պաշտոնապես գրավոր մերժել է Ադրբեջանի՝ Ազգերի լիգային անդամակցելու մասին դիմումը՝ Ադրբեջանի՝ նախկինում երբեք պետություն չլինելու, հարևան պարսկական նահանգի անվանումը յուրացնելու ու սեփական պետության անվանում դարձնելու և հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերի պատճառով Ադրբեջանի ճշգրիտ սահմանները որոշելու անհնարինության պատճառներով:

Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը, հռչակագրում ամրագրելով կեղծ տեղեկություն, չի խորշել խաբել ինչպես սեփական քաղաքացիներին, այնպես էլ համաշխարհային հանրությանը:

Փաստորեն, «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրում ամրագրելով Ադրբեջանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված լինելու մասին ակնհայտ սուտ տեղեկություն՝ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը կեղծել է Ադրբեջանի Հանրապետության ստեղծման գլխավոր փաստաթուղթը:

Նկատի ունենալով տվյալ փաստը՝ կարող ենք պնդել, որ միջազգայնորեն չճանաչված, արհեստական, կեղծ կազմավորման՝ 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը նույնպես կեղծ «պետություն» է:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031