«Կառավարությունում չի կարող որեւէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես՝ ինքս նրանց կհանեմ»։ Կառավարության նիստի ժամանակ նման արտառոց հայտարարություն արեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նման հայտարարություններ անգամ բռնապետները չեն անում: Անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չեչնիայի նախագահ Քադիրովն արտաքուստ ժողովրդավար են ուզում երեւալ եւ իրենց երկրների սահմանադրությունը հարգում են: Պառլամենտական երկրում եթե նախկին իշխանություններից մեկը նման հայտարարություն աներ, արեւմտյան երկրների դեսպանատները, քաղհասարակությունը, իրավապաշտպան կազմակերպությունները հատորներով դատապարտող հայտարարություններ կանեին:
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին վտարում է տարածաշրջանից եւ Ալիեւ-Էրդողան զույգի ցանկություններն է կատարում, նրան ամեն ինչ թույլատրելի է` խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետելու հրամանից մինչեւ տասնյակ քաղաքական բանտարկյալներ, սահմանադրական կարգի տապալում եւ իր քմահաճույքով մարդկանց աշխատանքից ազատել: «Հրապարակը» զրուցել է նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանի եւ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ:
Ռազմիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ երբ նախարար էր, այդ տարիներին նախարարները վարչապետին երբեւէ հակադրվե՞լ են որեւէ հարցում, թե՞ այն ժամանակ էլ նախագահի կամ վարչապետի պնդումները քննարկման ենթակա չէին:
Նա նկատեց. «Վազգեն Սարգսյանի հորդորները կարող եմ թվարկել, որոնք ուղղված էին նախարարներին: Նա բառացիորեն ասում էր` ինձ պետք չեն վարչության պետեր, ինձ պետք են նախարարներ, որոնք կարող են որոշումներ կայացնել եւ դրանք ներկայացնել: Որեւէ վարչապետ, անգամ եթե նա ամենախելացին է, չի կարող բոլոր ոլորտներում ունենալ մասնագիտական դիրքորոշումներ: Այն տարիներին թե՛ ես, թե՛ մյուսները ոչ միայն կարող էինք հակադրվել, այլեւ պարտավոր էինք հակադրվել: Օրինակ, ես` որպես մասնագիտացված կառույցի պատասխանատու, ցանկացած առաջարկի դեպքում ասում էի` կքննարկեմ, կհասկանամ եւ Ձեզ կպատասխանեմ, եւ շատ հաճախ իմ պատասխանը լինում էր «ոչ»-ը: Կարող եմ անգամ օրինակներ բերել: Կուտակային համակարգի մասին, կարծեմ՝ 2000 թվականն էր, նախագահն իմ առջեւ նման խնդիր դրեց, եւ ես ասացի` շատ լավ, կքննարկեմ հարցը համապատասխան վարչությունների հետ եւ կպատասխանեմ Ձեզ: Քննարկումներից հետո նախագահին ներկայացրի մասնագիտական կարծիք եւ բացատրեցի, որ տվյալ պահին Հայաստանը չի կարող անցնել կենսաթոշակային կուտակային համակարգին: Կամ, ասենք, Վազգեն Սարգսյանը վարչապետ եղած տարիներին մի օր բարկացած ասաց` չի՞ լինի ազատվենք այս ընտանեկան նպաստներից, որն այսքան մեծ դժգոհությունների առիթ է դարձել: Ես կրկին բացատրեցի նրան, որ Հայաստանը համաշխարհային բանկի հետ պայմանագիր ունի եւ չի կարող այն շրջանցել: Նման խնդիրներ շատ են եղել, բայց մեր ժամանակ պարտավոր էինք մեր դիրքորոշումը հայտնել, ոչ թե ցանկալի էր դա, այլ` պարտադիր»:
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում