Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա այսպես երեք միլիոն վարչապետ ունեցող Հայաստանը յոթ տարի անց վերածվեց եսակենտրոն կառավարություն ունեցող Հայաստանի․ Գենադի Մնացականյան      

Օգոստոս 30,2025 15:45

Որքան էլ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի եղբայրը փորձի այլ մեկնաբանություն տա 2025 թվականի օգոստոսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի կողմից «կառավարությունը ես եմ» արտահայտությանը և «տեղավորի» ՀՀ Սահմանադրության մեջ, միևնույն է, դա չի հաջողվի ո՛չ նրան և ո՛չ էլ որևէ մեկին։ Առավել ևս, որ այդ արտահայտությունը ունեցավ հետևանք և սեփական մասնագիտական կարծիքը հայտնելու համար աշխատանքից հեռացվեց ՀՀ Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Այս դեպքից հետո առաջին դիմում գրողն ու աշխատանքից հեռացողը եղավ նույն գրասենյակի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը, ինչը, ըստ իս, շատ գովելի քայլ էր իր կողմից։

Ընդհանրապես վարչապետի կողմից «կառավարությունը ես եմ» արտահայտությունից հետո, կարծում եմ, ինքնասիրություն ունեցող յուրաքանչյուր կառավարության աշխատակցի կամ անդամի մնում է երկու քայլ կատարելու տարբերակ` կա՛մ պետք է հասարակական որևէ տիրույթում արտահայտի իր անհամաձայնությունը տվյալ հայտարարության վերաբերյալ, կա՛մ պարզապես հայավարի հրաժարվի կառավարության անդամ լինելուց, քանի որ, իսկապես, ներկայումս կառավարության անդամ լինելը ավելի անպատվաբեր է դարձել, քան երբևէ։

Ինչպես երևում է՝ վարչապետի կամակատարներն էլ նրա արտահայտությունների ձեռը կրակն են ընկել ու գնալով ավելի դժվար է լինում մանիպուլյատիվ հնարքներով ինչ-որ կերպ սրբագրել դրանք։ Թերևս Նիկոլ Փաշինյանն էլ է հասկացել իր հպատակների «առաքելության» դժվարությունները և հաճախ իր հակահայկական հռետորաբանությունից հետո ավելացնում է «խոնարհվում եմ մեր նահատակների հիշատակի առջև» բառակապակցությունը։ Ուշագրավն այստեղ այն է, որ նա իր ապազգային ճառերից հետո նմանատիպ արտահայտություններով փորձում է ժողովրդի առաջ ի ցույց դնել իր հայրենասիրությունը, որի աղճատվածության մասին բազմաթիվ անգամներ հենց ինքն է վկայել՝ Արցախը Հայաստանի մաս ճանաչելը որպես սխալ, իսկ Ադրբեջանի մաս ճանաչելը որպես ճիշտ հայրենասիրության դրսևորում համարելով։

Վարչապետը նույն կերպ է վարվում նաև իր հակաեկեղեցական հռետորաբանություններում, երբ չարամտորեն ու նենգաբար փորձում է վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն ու հոգևոր դասին և վերջում կամ ընթացքում չի մոռանում հիշեցնել, որ ինքը իբր «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ է»։ Ահա այսպես երեք միլիոն վարչապետ ունեցող Հայաստանը յոթ տարի անց վերածվեց եսակենտրոն կառավարություն ունեցող Հայաստանի, և այդ «կառավարությունը» նույն ինքը քաղաքացի Նիկոլ Փաշինյանն է։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031