Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե (Եղսո) Չաուշի բնօրինակ լուսանկարը։ Նվիրատուն՝ Մուրադ Ուչաները, լուսանկարը պատահաբար հայտնաբերել է 2005 թ․ Այնթապի պատմական թաղամասերից մեկում՝ մի հին տան վերականգնման աշխատանքների ժամանակ պատի թաքստոցից։
Լուսանկարում Հեղինե Չաուշի մի ձեռքում ատրճանակ է, մյուսում՝ հրացան, կրծքին և գոտկատեղին կապված են փամփշտակալներ։
Լուսանկարն արվել է ամուսնու մահից հետո՝ 1910 թ․ Այնթապում, “M. H. Halladjian” լուսանկարչատանը։ Լուսանկարի դարձերեսին ձեռագիր ընծայագիր կա․ «Հանգուցեալ հերոս Գէորգ Չաուշի տիկին այրի Հեղինէ։ Մեր յիշատակի նուէրը [անընթեռնելի բառ] Տիար Յովհաննէս և տիկին Փիդանեան․ 21 յուլիս, 1910, Հ․Յ․Դ․, Այնթապ»։
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   