Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար կարեւոր է, թե ում ենք հերոսացնում. կրթության փորձագետ

Օգոստոս 31,2025 15:52

Կրթության փորձագետ, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը օգոստոսի 7-9-ը Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցության շնորհիվ մասնակցել է Բարոյակրթության 51-րդ միջազգային կոնֆերանսին, որն անցկացվել է Տամպերեի համալսարանում (Ֆինլանդիա)։ Ավստրիացի գործընկերոջ՝ Ժան-Լուկ Պատրիի հետ նա այնտեղ ներկայացրել է արժեքային կրթության կարիքների գնահատման հետազոտության արդյունքները, որն անցկացվել է Էրազմուս պլյուս PROVE ծրագրի շրջանակներում։

Aravot.am-ի հետ զրույցում Սերոբ Խաչատրյանը հետեւյալը նշեց. «Այս ծրագիրն ընթանում է ԵՊՀ-ի շրջանակներում: Մենք փորձում ենք արժեքային կրթության դասընթացներ մշակել, որոնք նախատեսված են լինելու բուհի ուսանողների, ուսուցիչների, տարբեր առարկաների գծով վերապատրաստողների եւ այլոց համար: Մինչեւ այդ դասընթացները մշակելը՝ անցկացրել ենք կարիքների գնահատում ու փորձել հասկանալ, թե ինչ վիճակ է տիրում Հայաստանում արժեքային կրթության առումով: Ֆոկուս- քննարկումներ ենք արել ուսուցիչների, դասախոսների, ուսանողների, տնօրենների, կրթության փորձագետների հետ՝ հասկանալու համար եղած խնդիրները»:

Ինչ վերաբերվում է ներկայացրած հետազոտությանը, կրթության փորձագետը փաստում է, որ կա մեծ անջրպետ այն ամենի միջեւ, թե ինչ ենք խոսում եւ ինչ ենք քարոզում, այսինքն՝ երեխաներին այլ բաներ են ասվում, բայց իրական կյանքում նրանք ուրիշ պատկերի են ականատես լինում: Հաջորդ բացահայտումն ըստ մեր զրուցակցի այն էր, որ մեր դպրոցներում, ընդհանուր առմամբ, արժեքային կրթությունը բավականին ցածր մակարդակի վրա է, եւ սա այն դեպքում, երբ  չափորոշիչների մեջ ԿԳՄՍ նախարարությունը դրել է՝ գիտելիքները, հմտությունները, արժեքները:

Կրթության փորձագետն ասում է, որ արժեքային բաղադրիչը շատ անորոշ ձեւով է դպրոցներում կիրառվում, սովետական ժամանակների մոտեցումը, որ, օրինակ, երեխաներին պետք է պարտադրել, որ ինչ-որ ոտանավորներ սովորեն, այլեւս չի աշխատում, ուստի նոր մոտեցումներ են պետք. «Մենք շեշտում էինք օրինակով դաստիարակելու մոդելը, որը միշտ եղել է՝ հին աշխարհից մինչեւ խորհրդային ժամանակներ, ու հիմա էլ  կա: Կարեւոր բացահայտումներից մեկն այն է, որ հաճախ մենք օրինակներ ենք բերում, կարեւորում ենք միայն անցյալի մարդկանց, օրինակ Չարենցին, Նժդեհին եւ այլն: Բայց այս հետազոտությունը ցույց է տալիս, որ երեխաների համար կարեւոր են ոչ միայն պատմական օրինակները, պատմական հերոսները, այլեւ իրենց կողքին գտնվող  սովորական հերոսները, ու ոչ թե Նժդեհի, Չարենցի, Թումանյանի մակարդակի մեծությունները: Օրինակ, Շավարշ Կարապետյանի պես մեկը, որը սովորական քաղաքացի էր, բայց տրոլեյբուսի դեպքի ժամանակ իրեն դրսեւորեց որպես հերոս: Մենք դա ենք ուզում տարածել, որ հաճախ սովորական մարդը, որը մեր կողքին է ապրում, կարող է հերոսականության էլեմենտներ ունենալ:

Նման մոդելներն են շատ կարեւոր, որ ներդնենք արժեքային կրթության մեջ, օրինակի մոդելը ամենալավ աշխատող մոդելներից մեկն է, որովհետեւ մարդն ունի կրկնօրինակելու սովորություն»:

Կրթության փորձագետի ձեւակերպմամբ, Հայաստանի համար շատ կարեւոր է, թե ում ենք հերոսացնում եւ ովքեր են մեր օրերի հերոսները ՝ ինչ-որ տխրահռչակ, ագրեսիվ վարքով, շատ փող ունեցող մարդի՞կ են, թե՞ հասարակ մարդիկ, որոնք դրական գծերով են օժտված. «Մտածում ենք՝ արժեքային կրթության հարց դնել, օրինակ` դնել դիլեմաներ, երկընտրանքային վիճակներ տարբեր հարցերի շուրջ, ու ուսանողները, աշակերտները իրար հետ քննարկելով փորձեն հասկանալ այդ դիլեմայի լուծումը, կամ  արդյոք դա դիլեմա՞ է, որովհետեւ կարող են լինել նաեւ կեղծ դիլեմաներ:

Բացահայտումներից մյուսն էլ այն էր, որ մասնակիցները նշել էին, թե արժեքային կրթության շատ կարիքներ ունեին, որովհետեւ իրենց համար պարզ է՝ ինչպես դասավանդել գիտելիքներ, ձեւավորել հմտություններ, բայց անորոշ է, թե արժեքներն ինչպես պետք է ձեւավորել: Ու այդ ուղղությամբ ե՛ւ մեր դասագրքերում, ե՛ւ վերապատրաստումների առումով բացեր կան: Այս պահի դրությամբ մենք Հայաստանում չունենք կառույց, որը մասնագիտացած է արժեքների կրթության ուղղությամբ: Այս հետազոտությունը նաեւ համալսարանների համար է կարեւոր, որովհետեւ համալսարանները հաճախ կենտրոնանում են պրոֆեսիոնալիզմի ու մասնագիտական գիտելիքների վրա՝ հետին պլանում թողնելով արժեքները»:

Սերոբ Խաչատրյանը բերում է ամերիկացի  հայտնի գործարարի օրինակը, որն աշխատակից ընտրելիս ուշադրություն էր դարձնում 3 բանի՝ գիտելիքներ, էներգիա եւ արժեքներ: Նա կասկածելի արժեքային համակարգով անձանց աշխատանքի չէր ընդունում , ասում էր՝  իր էներգիայով եւ  լավ գիտելիքներով   մարդը կարող է վնաս պատճառել իմ ընկերությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ԵՊՀ կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031