Օգոստոսի 31, Վանաձոր, Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամաս, հայ, բուլղար և Ֆրանսիայի («Պատվո Լեգեոն»-ի շքանշանակիր) ժողովուրդների Ազգային Հերոս, Մեծն Զորավար, բուլղարական, ռուսական բանակների գեներալ Անդրանիկ Օզանյանին նվիրված աշխարհում առաջին բրոնզաձույլ հուշակոթողի մոտ վանաձորցիները նրա անվանն ու փառքին վայել նշեցին հայ ժողովրդի երախտավոր զավակին նվիրված հիշատակի օրը:
Անտեղի չի լինի հիշեցնել հուշակոթողի արարման պատմությունը. նախաձեռնության հեղինակներն են «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության հիմնադիր, նախագահ Նորայր Զուլոյանը և մի խումբ համախոհներ: Այն 7 տարի առաջ կյանքի կոչվեց համաժողովրդական հանգանակության միջոցով, որին մասնակցեցին տասնյակ հարյուրավոր ԱՆԴՐԱՆԻԿԱՍԵՐ ՄԱՐԴԻԿ:
Արձանի հեղինակը երիտասարդ շնորհալի քանդակագործ Գեղամ Բեգջանյանն է: Այդուհետ 7 տարի անընդմեջ լոռեցիները Զորավարի ծննդյան և հիշատակի օրերը միասնաբար նշելու իրենց արժանի տեղն ունեցան մի մեծ քարաբեկորից փոքր-ինչ հեռու, որի վրա հեռավոր 1991 թվականին մի խումբ ՀՀՇ-ականներ փորագրեցին իրենց խոստումը՝ «Այստեղ կտեղադրվի Զորավար Անդրանիկի արձանը», և անցած մնացյալ տարիներին… խոստմանը տեր չեղան:
Ինչպես բոլոր նմանատիպ միջոցառումները, այս անգամ էլ կազմակերպիչները ինտերկապականներն էին և մարզի, Վանաձորի կամավորական միության անդամները:
Կարդացեք նաև
Երաժշտական խրոխտ հնչյունների ներքո «Ինտերկապի», հոլանդահայ համայնքի և «Նիդեռլանդական օրագիր» կայքի խմբագրակազմի կողմից, ամերիկահայ բարերար, հրապարակախոս Զարեհ Պալյանի անունից ծաղկեպսակներ դրվեցին հուշակոթողի պատվանդանին:
Տոնավար, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Ասմունքի Վարպետ Ջիվան Սարգսյանը Զորավարին նվիրված հրաշալի բանաստեղծության ընթերցումից հետո ձայնը փոխանցեց Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան արքեպիսկոպոս Հակոբյանին, ում օրհնանքի ու մեծարանքի խոսքը ակնածանքով ընդունեցին ներկաները:
Նրա համոզմամբ՝ Զորավարի կերպար, որին նախանձում, բայց և նրա մասին հարգանքով էին խոսում թշնամիք անգամ, իր ողջ հմայքով մշտապես կերպավորվում է հայ մարդկանց, հայ ժողովրդի մտապատկերում: Մենք այսօր առավել, քան երբեք նրա կարիքն ենք զգում, այսօր մեզ հարկավոր են ՆՈՐ ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐ, բայց դրա համար նրանք պիտի ծնվեն նախ մեր հոգիներում ու սրտերում: Ահա ինչու է հարկավոր Զորավարի խոսքն ու գործը հանուրին հասցնելը՝ մանկապարտեզից մինչև բուհեր, հիմնարկ ձեռնարկություններ ու կազմակերպություններ:
«Նիդեռլանդական օրագիր» կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր, վաստակաշատ լրագրողի խոսքը հակիրճ ու ծանրակշիռ էր:
«Մենք հավաքվել ենք խոնարհվելու ոչ միայն Զորավարի անմահ հիշատակին, այլև այն անսասան ուժին ու անշեջ ոգուն, որ ՆԱ մեզ թողեց իբրև հավերժական ժառանգություն,-սկսեց նա,- Անդրանիկ Օզանյանը միայն զորավար չէր, նա մեր ժողովրդի բաբախող սիրտն էր, ճառագայթող լույսը, որ փարոս դարձավ ամենամութ օրերին. Երբ վտանգված էր հայի գոյությունը, նա վեր էր բարձրանում անձնականից և դառնում մեր ժողովրդի թե զենքը, թե վահանը»:
Վերջում Աշոտ Կնյազյանը կոչ արեց լինել միասնական՝ «Որքան միասնական ենք, այնքան անպարտ ենք»:
–Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ:
Սա հավատամքն է մի մարդու, ով ապրում ու շնչում է Անդրանիկով, խենթի պես նվիրված է Անպարտելի Զորավարին ու նրա ազգանվեր գործունեությանը: Նա՝ բանասիրական գիտությունների թեկնածու, արվեստի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս, անդրանիկագետ Կարո Վարդանյանը ունկնդիրներին վաղուց իր ելույթներով համոզել է, որ գիտե Զորավարի կյանքի յուրաքանչյուր օրվա, անգամ ժամերի մասին: Ամեն անգամ հենց միայն Վանաձորում Կարո Վարդանյանը մեզ է ներկայացնում Զորավարի կյանքից այնպիսի դրվագներ, որոնց մասին մինչ այդ անհայտ է եղել, կամ էլ՝ քչերին հայտնի:
Այս անգամ նա համոզիչ փաստերով ներկայացրեց Անդրանիկ Զորավարի ունեցած վճռական դերի մասին մեր Լեռնահայաստանը՝ Զանգեզուրը, թուրքական յաթաղանից ազատագրելու, այդպիսով ազգապահպանական վիթխարի նշանակության խնդիրը փառքուպատվով ավարտելով:
Այդ նրա շնորհիվ է, որ արդեն 100-ից ավելի տարիներ հայոց պատմական այդ տարածքը վերադարձվեց և դեռ պատկանում է մեզ: Նա իր կասկածների, Զանգեզուրի, նրա հարավային հատված միջանցքի առիթով վերջերս բուռն թափով ծավալվող և տարակարծությունների տեղիք տվող իրադարձությունների մասին ևս խոսեց ու մատնանշեց մեզ սպասվող (կամ՝ ենթադրվող) վտանգները, հուսո մի շող մատնանշելով՝ Անդրանիկ, Նժդեհ ու այլ զորավոր նվիրյալներ ծնած ազգը չի հանդուրժի ոչ մի անարդար որոշում ու լուծում…
Մենք պետք է, պարտավոր ենք ամեն օր տալ նրա անունը, ամեն օր պիտի հիշենք ու կրկնենք նրա աներեր ՀԱՎԱՏԱՄՔԸ՝
«Զենք ունես՝ ուժեղ ես, ուժեղ ես՝ արդար ու ազատ ես: Խաղաղություն ես մուրում, արհամարհանքի ես արժանանում, չի կարելի հավատալ թշնամու մարդասիրությանն ու խղճմտանքին»:
Նա Հայոց զորական մտքի ու ուժի, աննկուն կամքի ու հավատամքի խորհրդանիշը դարձավ, ու որպես մեր Մեծերի մեջ Մեծագույն աստղ՝ նրա փառքն ու հմայքը շողշողալու են հավետ:
Վերջում ցավալի մի փաստի մասին:
Ելույթներում զարմանք- այպանանքով հնչեց, որ հանրապետության բնակավայրերում, անգամ «առաջնորդող» քաղաքամայր Երևանում այս օրը որպես տոն ոչ մի միջոցառմամբ չի նշվում, Մեծագույն Հային վայել հարգանքի տուրք չի մատուցվում… ոչ միայն պետականորեն: Հասկանո՞ւմ ենք՝ Անդրանիկին, մեր փառապանծ զորավարներին ու ֆիդայիներին, նրանց անունները փորձ է արվում մոռացության տալ, չհիշել, անգամ… վտանգավոր համարել հիշելն ու հարգանքի տուրք մատուցելը…
Եկեք այս էլ հիշենք՝
Զորավարի մահվան օրը մեծագույն ցնցում է ապրել մեր ժողովուրդը, շատերին անհավանական է թվացել նրա մահը՝ ախր նա հավերժական էր, չէ՞:
Բայց ցնծություն է եղել թուրքական աշխարհում, օրեր շարունակ Թուրքիան «տոնախմբում» էր այդ մահվան կապակցությամբ, թերթերը ողողված էին «աչքալուսանքային» հոդվածներով, ոչ մի տոն այնպիսի ցնծություն չի պատճառել, որքան իրենց «հոգեառ Անդրանիկ փաշայի» մահը: Իր վերաբերմունքը չի թաքցրել անգամ բազմաթիվ փաշաներ /զորահրամանատարներ/ ունեցող Աթաթուրքը, ով բազմիցս գեղջուկին կռվել ու հաղթել սովորեցրած Անդրանիկից «դաղված» լինելով՝ մի առիթով իր զարմանքն է հայտնել՝ «Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում»: Եվ նրա երազանքը,նրա գլխավորագույն խնդիրը եղել է՝ «Մեր գործն այն է լինելու, որ այս հողուն վրա Անդրանիկներ չծնվեն»:
Այս երազանքը այսօր էլ կա և իշխում է հարևան երկրում: Այո, նրանց Անդրանիկներ պետք չեն:
Մե՞զ էլ պետք չեն…
Բայց չէ՞ որ հենց այսօր էլ Զորավար Անդրանիկի «թռիչքի» կարիքն ունենք:
Ահա ինչու իսկական հայրենասեր ու ազգասեր մարդիկ համոզված են՝ Անդրանիկը հավերժ է, մենք էլ նրա հետ ենք հավերժ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ