Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան գրառման համար՝ ազատազրկում

Սեպտեմբեր 01,2025 12:00

2023 թ. մայիսի 2-ին Լոռու մարզի դատախազությունից մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Սարգիս Բասենցյանի քրեական գործը: Նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը: 2024 թ. հոկտեմբերի 25-ին դատավոր Ա. Կարապետյանի դատավճռով նա դատապարտվել է երկու ամիս ժամկետով ազատազրկման: Նրա ֆեյսբուքյան գրառումները համարել են ատելության խոսք, բռնության կոչ,  նա գրել էր. «Նիկոլից ու իր ազգադավ բանդայից ազատվելու մի ձեւ կա…»,  «Հերոսը նա կլինի, ով … էս վիճակի հասցրած գերագույն գլխավոր տականք… » ազատի:

2025 թ. փետրվարի 24-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել մարզի դատարանի դատավճիռը: Ըստ վերաքննիչ դատարանի` Սարգիս Բասենցյանը Նիկոլ Փաշինյանին թիրախավորել է՝ պայմանավորված վերջինիս կողմից երկրի վարչապետը լինելու, եւ իր կողմից նրա վարած քաղաքականության հետ համաձայն չլինելու հանգամանքով:  Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի կողմից արված արտահայտությունները պետք է դիտարկել որպես իրական բռնության կոչ. «Դրանք ոչ միայն վիրավորական, անհանգստություն պատճառող խոսքեր են, այլ իրենց բովանդակությամբ գերազանցում են թույլատրելի այն սահմանը, որը հնարավորություն կտար օգտվելու Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով սահմանված ազատ խոսքի պաշտպանությունից»:

Օգոստոսի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը Բասենցյանի բողոքը վարույթ ընդունելը մերժել է: Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի կողմից առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, եւ միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերեւույթ լուրջ դատական սխալ թույլ տալու հետեւանքով կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը, ստորադաս դատարանները ապացույցների բավարար ամբողջությամբ չեն հաստատել հանցակազմի պարտադիր հատկանիշ հանդիսացող շարժառիթը, ինչպես նաեւ ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատված չէ հանցակազմի oբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող արարքը, այն է՝ մեղադրյալի կատարած երկու գրառումների «կոչ» լինելը։ Նախորդ օրը սոցիալական ցանցում այս գործի մասին առաջին անգամ բարձրաձայնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, Բասեցյանին համարելով քաղբանտարկյալ:

Լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930