«Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները շարունակում են խիստ սահմանափակ մնալ», – նշվում է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի (USCIRF) զեկույցում:
Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են վտանգված մնալ ՝ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից այդ տարածքները վերադարձնելուց հետո, հիշեցվում է զեկույցում:
Շեշտվում է՝ Ադրբեջանը շարունակում է իր դաժան կրոնական օրենքը կիրառել, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը և կառավարությանը վերահսկողություն է տալիս գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ։
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովի զեկույցում նշվում է. «Ադրբեջանը շարունակում է բանտարկել շիա մուսուլմաններին, որոնք չեն ճանաչում կառավարության կողմից վերահսկվող մուսուլմանական հաստատությունները։
Կարդացեք նաև
Անկախ քաղաքացիական հասարակության, մասնավորապես լրագրողների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակական ճնշումները հանգեցրել են երկրում մարդու իրավունքների և կրոնական ազատության վերաբերյալ հաղորդումների և հավաստի տեղեկատվության նվազմանը։
Ձերբակալված ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքացիական հասարակության գործիչները հաղորդում են իրավապահ մարմինների և բանտային իշխանությունների կողմից կտտանքների, սեռական բռնության, անմարդկային կենսապայմանների և այլ վատ վերաբերմունքի մասին։
Զեկույցը ներկայացնում է Ադրբեջանում կրոնական ազատության իրավիճակի վերաբերյալ թարմացումներ և ընդգծում է կրոնի կամ համոզմունքի ազատության (FoRB) խախտումների վերջին դեպքերը»։
Նշվում է. «Ադրբեջանի բնակչությունը մոտավորապես 10.6 միլիոն է։
Ադրբեջանում պաշտոնական պետական կրոն չկա։
Բնակչության մոտ 96 տոկոսը մուսուլման է, որի մոտ 65 տոկոսը շիաներ են, իսկ 35 տոկոսը՝ սուննիներ։
Թեև ադրբեջանցիների մեծ մասն իրեն նույնականցնում է որպես մուսուլման, ըստ գիտնականների՝ բնակչության միայն 20 տոկոսն է զբաղվում կրոնական որևէ արարողությամբ։
Բնակչության մնացած 4 տոկոսը կազմում են աթեիստներ, հայ առաքելականներ, բահայի հավատքի հետևորդներ (19-րդ դարում Պարսկաստանում ձևավորված կրոն- «Առավոտ»), կաթոլիկներ, վրաց ուղղափառներ, Եհովայի վկաներ, հուդաիզմի հետևորդներ, Կրիշնայի գիտակցության միջազգային ընկերության անդամներ, մոլոկաններ, բողոքականներ և ռուս ուղղափառներ»։
Զեկույցում շեշտվում է, որ Ադրբեջանի կառավարությունը զգալի միջոցներ է ներդրել կրոնական հանդուրժողականության խթանման միջոցով իր հեղինակությունը միջազգային ասպարեզում բարելավելու համար։
Երկիրը պարբերաբար ընդունում և մասնակցում է միջկրոնական հարաբերությունների խթանմանը նվիրված կոնֆերանսների, և կառավարության պաշտոնյաները պարբերաբար գովաբանում են «միջկրոնական ներդաշնակությունը» կառավարության կողմից աջակցվող, «ավանդական» համարվող կրոնական խմբերի միջև։
Սակայն այս ջանքերը, ինչպես նշված է զեկույցում, Ադրբեջանի կողմից կրոնական ազատության համակարգված խախտումները և միջազգային իրավունքի շրջանակում «Ազատության իրավունքի» իր պարտավորությունները չկատարելը թաքցնելու փորձեր են։
Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարության կողմից կրոնական կյանքի ամբողջական վերահսկողությունը տեղ չի թողնում անկախ կրոնական միավորումների, ինքնարտահայտման կամ գործունեության համար։
Հանձնաժողովը ԱՄՆ Պետդեպարտամենտին խորհուրդ է տվել Ադրբեջանին թողնել «Հատուկ հսկողության ցուցակում»՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար։ Հունիսին USCIRF-ը Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ լսումներ էր անցկացրել։
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF) ԱՄՆ Կոնգրեսի կողմից ստեղծված անկախ երկկուսակցական գործակալություն է, որի նպատակն է դիտարկել, վերլուծել և զեկուցել արտերկրում կրոնական ազատության վիճակի մասին։