Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական համայնքապետի հետ կոնֆլիկտից հետո քանդող մեքենաներով վնասել են Արտաշատի բնակչի պարիսպները

Սեպտեմբեր 01,2025 14:54

Aravot.am-ին է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ Մերի Անդրեասյանը: Նա նշում է, որ հայրը՝ Սամվել Անդրեասյանը շուրջ 30 տարի Արտաշատ-Երևան մայրուղու հարակից տարածքում ունի հողատարածք եւ բիզնես գործունեություն է ծավալում: Նրա խոսքով, մոտ 10 օր առաջ Արտաշատ քաղաքում միջոցառում անելու համար (որի համար համայնքի բյուջեից գումար է հատկացվել) հորը կանչել են համայնքապետարան ու  պահանջել անվճար տրամադրել թանկարժեք սարքավորում, որն իրենք չունեին այդ պահին: Մերի Անդրեասյանի պնդմամբ, դրանից հետո համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը զանգել եւ սպառնացել է հորը, որ քանդելու է տարածքը, իսկ համայնքապետարանի ներկայացուցիչների բերված փաստաթղթերում եղել է փոխքաղաքապետ Սուրեն Մկրտչյանի ստորագրությունը։ Նրա խոսքով, հաջորդ օրն իսկ ուղարկել են չափագրումներ անողների, իսկ իրենց տարածքի ներսում կա մի հատված, որը համայնքային է եւ վարձակալական հիմունքներով է տրված իրենց: Մերին տեղեկացրեց, որ օգոստոսի 29-ին բոլորի համար անսպասելի՝ քանդող մեքենաներով խփել են իրենց պարիսպներին, կոտրել, այն դեպքում, երբ անգամ ծանուցում չեն ստացել:

«Տարածքում կան գազի խողովակներ, որոնք անցկացնելու համար թույլտվություն ենք ստացել , նաեւ տեղադրված է բարձր լարման ենթակայան, որի համար եւս ունեցել ենք թույլտվություն: Այսինքն, ամեն բան կառուցվել է մեր հողատարածքի սահմաններում»,-նշել է Մերի Անդրեասյանը։ Նրա ձեւակերպմամբ՝ խնդիրը տարբեր տարիների քարտեզագրումների արդյունք է, 2023-ին այժմ վիճելի համարվող հատվածն իրենց տարածքում է եղել, բայց նոր քարտեզներում դուրս է եկել իրենց տարածքից:

Սամվել Անդրեասյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Տարբեր տարիներին ձեռք բերված հողատարածքներ են՝ 7-8 հողակտորից բաղկացած, որոնք իրենց բնական սահմաններում են, որեւէ ընդլայնում չկա: Տարբեր ժամանակներում տարբեր չափումներ, տարբեր հատակագծեր են եղել, ու այդ ընթացքում փոփոխություններ են եղել: Մենք տարուց ավել է՝ նախագիծ ունենք իրենց մոտ, որը ոչ մերժում են, ոչ էլ գրանցում: Եթե ինչ-որ բան արած լինեին, մենք էլ հաջորդ քայլերը կանեինք, գուցե դրանք էլ հայտնաբերեինք:

Հետաքրքիր է, որ խնդիրն առաջանալուց ժամեր անց, մեր վիճելուց հետո իրենք սկսել են պրոցեսը՝ չափել, գույքագրել ու այդ հատվածի մասին մեզ ոչ մի տեղեկություն չեն տվել: Մենք այդ պահին տեղում չենք եղել, որովհետեւ կոնսուլտացիաների համար իրավաբանի մոտ էինք՝ մեկ ուրիշ հատվածի մասով: Հյուսիսային հատվածի մասին ծանուցում է եղել, ստուգել ենք, իրենք եկել ու հարավային հատվածում են քանդել: Միայն մեր պահանջից հետո են որոշում ներկայացրել մեզ»:

Քաղաքացին ընդգծում է. « Սա անձնական խնդիր է, լիազորությունների վերազանցում կա: Հաշվի առնելով, որ այս պահին գրանցումից դուրս են գտնվում տարածքները, ասում են՝ անհապաղ պետք է ազատել: Ընդ որում, այդ հատվածում գազի խողովակներ կան, հոսանքի լարեր, վտանգ ներկայացնող բաներ, իրենք հաշվի չեն առնում դա, քանդելու ձեւն էլ է այլ: Ավելի շատ ոչնչացնում, ջարդում են՝ համայնքի ղեկավարի ցուցումով; Այն հատվածները, որ 20 տարուց ավել տնօրինել ենք, 2023 թվականից կադաստրային փաստաթղթերով մեր տարածքն են եղել:

Ժամանակին, երբ մի ուրիշ հատվածի վրա շեղում ենք տեսել, չափագրող ենք հրավիրել, որ ուղղի: Չգիտենք, այս հատվածն ինչպես է դուրս մնացել: Այդ հատվածում խնձորի այգիներ ունենք 2000 թվականից: Տարածքը որեւէ մեկի հետ սահմանակից չէ՝ այլ բնակչի, այլ ֆիրմայի: Կղզու նման տեղ է, որեւէ մեկին չենք խանգարում, որեւէ մեկը չի բողոքել, բնակիչները տեսել են, որ միշտ աշխատել ենք ավելի հետ դնենք պարիսպը, որպեսզի երթեւեկությանը չխանգարենք: Համայնքային ճանապարհ է համարվում, 1 կիլոմետրից ավելի տարածք է, որտեղ անգամ լուսավորություն ենք քաշել»:

Սամվել Անդրեասյանը միտում է տեսնում համայնքապետարանի գործողություններում. «Անակնկալ ձեւով են գործողություններ սկսել: Ի դեպ, 2022 թվականին էլ էր խնդիր ծագել՝ արդեն Մխչյանի համայնքապետարանի կողմից, բայց այն ժամանակ մեզ եկել, առաջարկել են, որ ձեր տարածքի մեջ ունեք չգրանցված համայնքային հող, ասել են՝ գնեք, ասել ենք՝ ի վիճակի չենք, բերեք վարձակալություն ձեւակերպենք, որ գրանցվի:

Սա լրիվ ուրիշ բան է, նպատակաուղղված է, հստակ միտում կա: Մենք լսել ենք, որ այդ հողերի վրա աչք ունեցողներ կան, հատուկ են անում, որ թույլտվություններ չլինեն, այդ հողերը չոռոգվեն, որպեսզի էժան վաճառվեն, արդեն գնորդներ էլ կան: Նոր ենք տեղեկացել այդ ամենի մասին՝ կոնֆլիկտից հետո»:

 Կապվեցինք նաեւ Արտաշատի համայնքապետարանի հետ: Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ընդունարանից փոխանցեցին, որ հեռախոսով չեն ցանկանում մեկնաբանություն անել: «Եթե ցանկություն ունեք, կարող եք համենալ եւ համապատասխան բաժնի մասնագետը կամ համայնքի ղեկավարը մեկնաբանություն կտա»,-փոխանցեց գործավարուհին՝ ճշտումներ անելուց հետո:

Ի դեպ, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի անունը մեկ այլ սկանդալի համատեքստում էլ է շրջանառվել: Անցյալ տարի «Հետքը» գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՔՊ-ական համայնքապետ Կառլեն Մկրտչյանի նկատմամբ՝ շահերի բախման վերաբերյալ իրավակարգավորումներն առերեւույթ խախտելու հատկանիշներով; Բանն այն է, որ նույն համայնքի նրա կուսակից՝ ավագանու անդամ ՔՊ-ական Նարեկ Բաղդասարյանի ընկերությունը վերջին տարիներին շուրջ 723 մլն դրամի ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրերի հաղթող էր ճանաչվել Արտաշատ համայնքում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930