«Նիկոլ Փաշինյանը որեւէ արգելանք չունի՝ նախաճաշին մի բան ասել, ճաշին երգել նախաճաշին ասածը, իսկ ընթրիքին ասել՝ ես այդ թեման ընդհանրապես չեմ արծարծել»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ Չինաստանում տեղի ունեցած հանդիպումներին եւ քննարկումներին, այնտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չի եւ քանի դեռ Փաշինյանը ՀՀ կառավարության ղեկավարն է, վերջինը չի լինելու. «Այդ մարդուց սկզբունքայնություն մի սպասեք։ Այդ պահին հարմար էր դա ասել, հաջորդ պահին հարմար է դա հերքել։ Հիշու՞մ եք, թե ինչպես էին գովում Բայդենի իշխանությանը, թե մենք այդպիսի հարաբերություններ երբեք ԱՄՆ-ի հետ չենք ունեցել, մեծ հաջողությունների ենք հասել, բայց մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսքան լավ երբեք չեն եղել, Բայդենի ժամանակ անվտանգային ռիսկերն ավելի բարձր են եղել»։
Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ջերմ լուսանկարները Արթուր Խաչատրյանը բացատրում է նրանով, որ Փաշինյանն ուզում է ասել՝ արդեն խաղաղություն է հաստատել ու 2026-ի ընտրություններին հայ հասարակությունը պետք է իր օգտին քվեարկի, որպեսզի այլ մարդիկ իշխանության չգան եւ չխաթարեն Թուրքայի եւ Ադրբեջանի հետ «համերաշխ» մթնոլորտը․ «Ի դեպ, ադրբեջանցիներն էլ նույն քարոզչությունն են անում, որ եթե Փաշինյանը չլինի, ապա վիճակը վատ է լինելու»։
Արթուր Խաչատրյանը հարց ունի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է, ինչո՞ւ են անպայման ուզում անիմաստ գումարներ վատնել «թանկարժեք գործուղման» վրա, Խաղաղության համաձայնագիր ստորագրել։
Կարդացեք նաև
Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասով էլ ընդդիմադիր պատգամավորը նկատում է՝ եթե մի անկողնուց քեզ դուրս ես շպրտում եւ գցում ես այլ անկողին ու դա պարբերական բնույթ ունի, համաշխարհային պատմությունը ցույց է տալիս, որ ի վերջո այդպիսի պետությունները ցած են ընկնում․ «Ու եթե այսօր մենք չունենք որեւէ բարեկամ երկիր, որը կանգնի եւ ասի, որ ձեր կողքին եմ, նաեւ այս անսկզբունքայնության արդյունքում է»։
Չինաստան-Հնդկաստան-ՌԴ բեւեռը՝ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որը ԱՄՆ-ին հակակշռող է լինելու, Արթուր Խաչատրյանի գնահատմամբ, աշխարհը գնում է «ֆրակցիոն» համակարգի, միաբեւեռ աշխարհն այլեւս գոյություն չունի եւ դրա սկիզբը դրվեց կորոնավիրուսի համավարակից հետո․ «Կա նաեւ ԲՐԻԿՍ-ը, որը նույնպես բեւեռ դառնալու խնդիր ունի։ Այնպես որ՝ աշխարհը տրանսֆորմացիայի է ենթարկվում եւ այն միաբեւեռ աշխարհը, որը կար 10-15 տարի առաջ, այլեւս չկա»։
ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էլ Արթուր Խաչատրյանը խաղ է գնահատում՝ ԵՄ-ի ուղղությամբ, որը ՀՀ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունների «կարգավորման» հարցում առաջնային դիրք էին ուզում գրավել, բայց դա ԱՄՆ-ին տրվեց․ «Ամեն դեպքում, եվրոպացիներին հաճոյանալու խնդիր կա, որ մենք Եվրոպայի հետ ենք ուզում ինտեգրվել։ ԵՄ-ին անդամակցելու ծիծաղաշատ օրենքն ընդունելուց հետո, ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ ավել չեն ձեռնարկել՝ դեպի ԵՄ գնալու ուղղությամբ»։
Արթուր Խաչատրյանը կարծում է, որ ՀՀ-ի-ԱՄՆ-ի միջեւ կա ևս մեկ այլ՝ գաղտնի պայմանավորվածություն, քան այն, որը հրապարակվեց։ Նա հիշեցնում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ՀՀ տարածքի մի կտորը 99 տարով վարձակալության տալու պայմանավորվածության մասին, իսկ օգոստոսի 27-ի հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ երրորդ կողմին վարձակալության տալու հարցը ԱՌԱՅԺՄ չկա։ Այս իմաստով, պատգամավորը կարծում է, որ մենք տարածաշրջանի երկրների հետ թե երկկողմ, թե տարածաշրջանային անվտանգության հարցերում լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ