Շիրակի մարզի վեց դպրոցներ՝ Ջաջուռ կայարանի տարրական դպրոցը, Գտաշենի, Արդենիսի, Զորակերտի, Շաղիկի և Զարիշատի դպրոցները չունեն առաջին դասարանցիներ։
Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից։
Մարզի 10 դպրոցներում էլ՝ Կառնուտում, Նոր Ախուրյանում, Թավշուտում, Սիզավետում, Գոգհովիտում, Կաքավասարում, Սարագյուղում, Հարթաշենում, Գառնառիճում ու Աղվորիկում կա ընդամենը մեկ առաջին դասարանցի։
Բացի Ջաջուռ կայարանից, որը Ախուրյան խոշորացված համայնքի կազմում է, առաջին դասարանցիներ չունեցող մնացած բոլոր գյուղերը գտնվում են Ամասիայի տարածաշրջանում, դրանք մեծամասամբ լեռնային, սահմանամերձ գյուղեր են։
Նկատենք, որ այս խնդիրը տարիներ շարունակ առկա է հեռավոր գյուղերում ու պատճառը ոչ միայն դեմոգրաֆիական կամ սոցիալական տխուր վիճակն է, այլ արտագաղթը, այդ թվում ներքին արտագաղթը, երբ ծնողները գերադասում են իրենց երեխաներին Գյումրիում դասի ուղարկել։
Aravot.am-ն անդրադարձել է, որ որոշ գյուղեր՝ օրինակ՝ Զորակերտը, Շաղիկը, սոցիալապես բարվոք վիճակում են, մարդիկ անասնապահությամբ են զբաղվում, ֆերմաներ ունեն, սակայն հարստանալուն պես՝ իրենց երեխաների միջավայրը փոխում են։
Շիրակի մարզում այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը, նախնական տվյալներով, 2635 է։ Անցած տարի առաջին դասարանցիների թիվը եղել է 2799, այսինքն` այս տարի 164 աշակերտով պակաս է։
Մարզում ընդհանուր աշակերտների թիվը 31 հազար 648 է։
Շիրակի մարզպետարանում վստահ են, որ մինչև սեպտեմբերի 15-ը կավելանա առաջին դասարանցիների թիվը, ըստ նրանց, կան ծնողներ, որոնք մի քիչ ուշ են երեխաներին դպրոց բերում։
Ամենաշատ առաջին դասարանցիներ ունեն Գյումրու թիվ 7 և 11 դպրոցները․ յուրաքանչյուրը 125-ական առաջին դասարանցի ունի։ Կլաստերային վեց դպրոցներ դեռևս չունեն առաջին դասարանցիներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ