Լրահոս
Օրվա լրահոսը

«Արխիվներում առկա է տեղեկատվություն, որ Արծվաշենը անկլավ չի եղել եւ միավորված է եղել ՀՀ-ին, իսկ ադրբեջանական «անկլավների» մասին իրավական հիմք չկա»

Սեպտեմբեր 01,2025 16:22

«Առավոտի» հարցերին պատասխանել է գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը։

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացրած պահել ՀՀ տարածքները, ասաց, թե «կան նաեւ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո, եւ փոխադարձ այս հարցը պիտի լուծում ստանա սահմանազատման գործընթացում»։ Այսինքն՝ ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն այս հայտարարություններով արդարացնո՞ւմ են Ադրբեջանի գործողությունները, եւ ի՞նչ «ադրբեջանական տարածքների» մասին է խոսքը, որոնք գտնվում են ՀՀ վերահսկողության տակ։

-Այս հարցի շուրջ խոսելիս՝ շատ կարեւոր է անդրադառնալ ելակետերին։ Եթե ինքնիշխան տարածքի սահման ենք դիտարկում 1970-ականների քարտեզներում արտացոլված տարածքները, ապա խոսք է գնում մի քանի տարածքների մասին։ Նմանատիպ տարածքներն ինչպես այսպես կոչված «անկլավային» տարածքներն են, այնպես էլ հատվածներ կան Տավուշում։ Օրինակ՝ 1970-ականների քարտեզով Ոսկեպարին հարող որոշակի հատված պետք է փոխանցվի Ադրբեջանին։ Իսկ Ոսկեպարից հյուսիս ընկած լեռան լանջը պետք է փոխանցվի Հայաստանին։ Եվ նմանատիպ տարբեր մանր հատվածներ կան, որտեղ, երբ ժամանակին ընթացել են մարտական գործողությունները, եւ հայկական, եւ ադրբեջանական կողմերը զբաղեցրել են ռազմավարական հարմար դիրքեր։ Երբ փորձում ենք գնահատական տալ մեր եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող փոխադարձ տարածքներին, ապա ադրբեջանական վերահսկողության տակ անհամեմատ ավելի շատ տարածքներ կան, քան մեր։

Հիմա այս գործընթացից ի՞նչ է հասկացվում, ո՞ր քարտեզներն են հիմք ընդունվում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից։

-Հետեւելով լրատվամիջոցներով տարածվող նյութերին՝ հայկական կողմը փորձում է որպես բանակցությունների առարկա ներկայացնել 1970-ականների քարտեզները։ Սակայն ադրբեջանական կողմը բավականին խորամանկ քայլ է անում եւ փորձում է ոչ մի թվականի քարտեզ չմեջբերել եւ գործել ուժի տեսանկյունից։ Եթե ադրբեջանական կողմի հայտարարություններին հետեւում ենք, դեռեւս չի եղել ոչ մի դեպք, երբ իրենք ասեն, որ բանակցություններում առաջնորդվում են այսինչ թվականի քարտեզներով։ Ես հիշեցնեմ մի քանի հրապարակում, երբ իրենք խոսում էին Ադրբեջանական դեմոկրատական հանրապետության սահմանների մասին, որն իր մեջ ներառում է Հայաստանի ներկայիս հանրապետության մոտ 19 հազար քկմ տարածք։

Իսկ ի՞նչ իրավական հիմք ունեն այսպես կոչված «անկլավները»։

-«Անկլավների» վերաբերյալ իրավական հիմքերը ստանալու համար մենք եւ բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել կառավարություն, եւ արխիվներում ենք ուսումնասիրել, բայց նմանատիպ տեղեկատվություն առկա չէ։

Ի դեպ, արխիվային փաստաթղթերում առկա է տեղեկատվություն, որ Արծվաշենը անկլավ չի եղել եւ միավորված է եղել Հայաստանի Հանրապետությանը։ Սակայն ադրբեջանական այսպես կոչվածն «անկլավների» վերաբերյալ փաստաթուղթ մեզ չի հանդիպել, մենք չենք կարողացել գտնել նման փաստաթուղթ։

Այսինքն՝ եթե ՀՀ որոշ տարածքներ «անկլավների» անվան տակ հանձնեն Ադրբեջանին, դա անօրինակա՞ն կլինի։

-Իրավական տեսանկյունից շատ կարեւոր է հասկանալ, թե սահմանազատման եւ ընդհանրապես խաղաղության գործընթացում ինչ արխիվային փաստաթղթեր են հիմք ընդունվում։ Կարծում եմ՝ այն գործընթացը, որն ընթացել է սահմանի որոշ հատվածում, իրավական առումով բավականին խոցելի է։

Եթե հիմք ընդունենք ոչ թե 1970-ականների, այլ, օրինակ, 1920-30-ական թվականների քարտեզները, այն տարածքները, որոնք Բաքվին փոխանցելու մասին խոսում է Փաշինյանը, հայկական են եղել, այդպե՞ս է։ Հայտնի է, որ ԽՍՀՄ օրոք են ՀՀ շատ տարածքներ փոխանցվել Ադրբեջանին։

-Ես բազմիցս պնդել եմ եւ շարունակում եմ պնդել, որ մենք Ադրբեջանի հետ սահմանազատման աշխատանքներ իրականացնելու համար ունենք մի քանի տարբերակ։ Սահմանազատում կարող է իրականացվել ինչպես ցարական Ռուսաստանի փլուզման ժամանակ առկա իրավիճակի հիման վրա, այնպես էլ մինչեւ ՀՀ խորհրդայնացումը եւ խորհրդայնացումից հետո։ Բայց եթե ՀՀ բնակչությունը հանրաքվեով կկայացնի որոշում, որ սահմանազատումը պետք է իրականացվի ԽՍՀՄ գոյության ընթացքում առկա քարտեզներով, դա կլինի թե Ալմա-Աթիի հռչակագրի, թե որեւիցե այլ փաստաթղթի հիման վրա, ապա մասնագիտական տեսանկյունից ճիշտ կլինի հիմք ընդունել 1930-ականների քարտեզները, քանի որ դրանք այն սահմաններն են, որոնցով Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել Խորհրդային միության կազմ։ Իրավական եւ մասնագիտական տեսանկյունից սխալ է, որ ՀՀ-ն Խորհրդային միության կազմից դուրս գա ավելի նվազ տարածքով, քան մուտք է գործել։ Եթե ընդհանուր մակերեսը վերցնենք, խորհրդային տարբեր փաստաթղթերում ՀՀ մակերեսը 31 հազար քկմ-ից նվազելով՝ հասել է ներկայիս 29 743 քկմ-ի։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930