Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքուր ու լուսավոր, ճաշակով ձևավորված, ջերմակայուն, օդափոխիչ համակարգով համալրված Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնաշենքում արդեն երաժշտություն է հնչում

Սեպտեմբեր 01,2025 16:49

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մուտքի մոտ այսօր ընթացավ 2025-26 ուսումնական տարվա մեկնարկի հանդիսավոր արարողությունը, իսկապես ներկայանալիք ու ճոխ համերգային ծրագրով:

Պատճառը մեկն է՝ 104 տարիների կենսագրությամբ մշակութային այս բուհը տարին սկսում է առաջին, ամենահին մասնաճյուղի (իսկ կոնսերվատորիան ունի 4 մասնաճյուղ) առաջին անգամ հիմնանորոգված (գրադարան, ձայնադարան, հրատարակչություն, շուրջ 50 դասարան և լսարան՝ համապատասխան կահավորանքով) պայմաններում:

Տեղեկացնենք, որ կոնսերվատորիան որպես, երաժշտական ստուդիա, բացվել է Արամի փողոցում /1921- 48թթ/, ապա հանգրվանել Կորյունի փողոցի վրա (1948-1969թթ), իսկ 1969-ից՝ Մարկ Գրիգորյան -1 հասցեում: Անցած 56 տարիների ընթացքում կոսմետիկ վերանորոգման ենթարկվել է կոնսերվատորիայի շենքը, բայց թե ինչու են ձգձգվել, չեն իրականացվել ավելի քան կեսդարյա շենքի հիմնանորոգման աշխատանքներ, այս հարցով դիմեցինք կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Ծովինար Մովսիսյանին, ակնկալելով հակիրճ, միևնույն ժամանակ սպառիչ պատասխան:

«Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նոր ուսումնական տարին մեկնարկում է լավ լուրով: Ավարտին են մոտեցել կոնսերվատորիայի առաջին, ամենահին մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք դեռևս 2019-2020 թվականներից, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ էին սկսվել: Իրականացվեց նախագծային-նախահաշվարկային հսկայածավալ աշխատանք, և ՀՀ կառավարության որոշմամբ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները:

Նշեմ, որ կոնսերվատորիայի ներկայիս շենքը կառուցվել և շահագործման է հանձնվել ռեկտոր Ղազարոս Սարյանի նախաձեռնությամբ և գործուն մասնակցությամբ: Ճարտարապետ Գևորգ Թամանյանը հաշվի է առել երաժշտական բուհին անհրաժեշտ պայմանները, առանձնահատկությունները, այն ժամանակվա հնարավորությունների սահմաններում ապահովելով ձայնամեկուսացման պայմանները, դասասենյակների դասավորվածությունը, ծավալները, առաստաղների բարձրությունը և այլն:

Շենքի դիրքը, տեղակայումը, ամեն ինչ մտածված է քաղաքի մշակութային, երաժշտական, արվեստային կենտրոնի ներդաշնակ տրամաբանության մեջ: Այսօր արդեն Կոնսերվատորիա – Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց – Պարարվեստի ուսումնարան եռանկյունին մեր մայրաքաղաքի կենտրոնի անբաժանելի մասն են՝ Կոմիտասի արձանը շրջապատող պուրակի հետ միասին: Ցավոք, վարչական, դատաիրավական քաշքշուկների անհամաձայնությունների հետևանքով այդ գողտրիկ պուրակը անմխիթար վիճակում է հայտնվել: Հուսանք, որ դա էլ շուտով կկարգավորվի:

Շենքը նախորդ դարի 70-ական թվականներից հետո երբևէ չի հիմնանորոգվել: Արվել են մասնակի, տեղային նորոգման աշխատանքներ, տարիներ առաջ բարերարների միջոցներով ծավալուն հիմնանորոգման ենթարկվեց Օպերային ստուդիայի հատվածը, ամբողջությամբ շենքի պատուհանները փոխարինվեցին եվրոպատուհաններով, նորոգվեց շենքի տանիքը, տարիներ առաջ հայազգի մեծ նվիրյալ, գործարար լուսահոգի Լևոն Հայրապետյանի աջակցությամբ նորոգվեց 4-րդ հարկի համերգային դահլիճը, միջազգային դրամաշնորհների աջակցությամբ 3-րդ հարկի դահլիճը վերակառուցվեց ակուստիկ լաբորատորիայի, առանձին դասասենյակներ, ամբիոններ կոսմետիկ նորոգվել են մեր դասախոսների կամ ուսանողների միջոցներով: Սակայն այս ծավալով հիմնանորոգում, այն էլ ամբողջը պետական աջակցությամբ, երբևէ չի իրականացվել:

Հիմնանորոգումը որոշեցինք իրականացնել փուլ առ փուլ, որպեսզի հնարավորինս չխաթարվեր ուսումնական գործընթացը: Նորոգվող մասնաշենքի գույքն ամբողջությամբ տեղափոխեցինք երկրորդ և երրորդ մասնաշենքեր, աշխատանքային ժամերը երկարաձգեցինք մինչև երեկոյան 9-10, ներառյալ հանգստյան օրերը, առավելագույնս օգտագործել ենք ուսման համար աներևակայելի համարվող տարածքները, այդ թվում՝ նկուղները, վարչական տարածքները․․․ այո, չզարմանաք, բայց և՛ ռեկտորի, և՛ պրոռեկտորի սենյակներում պարապմունքներ, դասախոսություններ են անցկացվել․․․

Ամենից բարդը գրադարանն էր․․․, մեր հպարտությունը, մեր կարևորագույն մշակութային արժեքը, մեր անգնահատելի հարստությունը: Կոնստանդին Սարաջևի անունը կրող գրադարանն այսօր ունի 200 հազարից ավելի գրականություն, այդ թվում՝ նոտաներ, պարտիտուրներ, կլավիրներ, երաժշտագիտական հարուստ գրականություն: Գրադարանի առանձնահատուկ արժեքը իր հիմնադրի՝ Կ.Սարաջևի անձնական գրադարանի շուրջ 20 հազար բացառիկ արժեք ներկայացնող նմուշներն են, մեր հատուկ ֆոնդը: Այդ ամենը տեղավորել ենք տուփերի մեջ, պահեստավորել, սակայն այս տարիների ընթացքում գրադարանը ոչ մի օր չի դադարել աշխատելուց: Ժամանակավորապես տեղակայվելով, երկրորդ հարկի դահլիճում, փորձել ենք առավելագույնս օգտակար լինել մեր ուսանողներին:

Անցած երեք, մի փոքր ավելի տարիները անասելի դժվարին ժամանակահատված էր բոլորիս համար: Շինարարությունը դեռ չէր սկսվել, վրա հասավ համավարակը, իր սահմանափակումներով, հետո 44-օրյա պատերազմն էր․․․, ընթացքում, երբ դեռ տանիքները չէին փակվել, տարերային աղետների՝ աննախադեպ հորդառատ անձրևների հետևանքով վնասվեցին դեռևս չնորոգված երկրորդ և երրորդ մասնաշենքերը, մահացու վտանգված էր մեր ամենամեծ հարստության՝ ռոյալների ճակատագիրը: Փառք Աստծո, կարծես այդ փորձությունն էլ անցանք նվազագույն կորուստներով, սակայն մեկ տարուց ավելի մեր ուսանողները և դասախոսները աներևակայելի, անմարդկային ու պարզապես առողջության համար վնասակար պայմաններում, խոնավ ու քայքայված պատերով, դասասենյակներում շարունակում էին պարապել…, ունեցանք միջազգային մրցույթների փառահեղ հաղթողներ, անցկացրեցինք մրցույթներ, փառատոներ, օպերային ներկայացումների պրեմիերաներ, ակտիվ համերգային կյանք:

Անհավատալի է, դեռ մի քանի ամիս առաջ պատկերացնել չէինք կարող, որ այս օրն իրականություն կդառնա: Բայց և այնպես, այսօր, սեպտեմբերի 1-ը, գիտելիքի օրը մեր ուսանողները բացառիկ նվեր ստացան: Մաքուր ու լուսավոր, ճաշակով ձևավորված, ջերմակայուն, օդափոխիչ համակարգով համալրված, մասնաշենքում արդեն երաժշտություն է հնչում: ԿԳՄՍ նախարարությունը նոր մասնաշենքին տրամադրել է նոր գույք՝ դասախոսական սեղաններ, աթոռներ, պահարաններ, համակարգիչներ, հուսանք, նոր մասնաշենքում կունենանք նաև նոր երաժշտական գործիքներ, մասնավորապես՝ ռոյալներ, որոնց անհրաժեշտությունը անհերքելի է:

Անչափ մեծ է մեր ուրախությունը, անչափ, անհամար ու անչափելի են երախտիքի խոսքերը բոլոր նրանց, ում շնորհիվ իրականություն դարձավ այս տոնը՝ ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը, Քաղշին կոմիտեին, «Բիդեք» շինարարական կազմակերպությանը, նախագծողներին, շինարարներին, կոնսերվատորիայի ողջ անձնակազմին:

Կոնսերվատորիան իր երկրորդ հարյուրամյակը սկսեց հիմնանորոգումով, լիահույս ենք, որ այն շարունակական կլինի, և մեր Մայր բուհը շուտով կունենա նույնքան գեղեցիկ, լուսավոր, ամուր ու արդիական նորոգված, Կոմիտասի երազանքին արժանի շենք», -մանրամասնեց տիկին Մովսիսյանը:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930