ՎԻԵՆՆԱ/ՀԵԼՍԻՆԿԻ, 1 սեպտեմբերի 2025թ. – ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հ. Սինիրլիօղլուն ողջունում են Նախարարների խորհրդի որոշման ընդունումը, որը փակում է Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչից հետո։
«Ես կրկին ցանկանում եմ իմ ջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պատմական համաձայնությունների և դրանց արագ իրականացումը սկսելու վճռական որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում գերազանց համագործակցության համար։ Ես նաև կցանկանայի գովաբանել մասնակից պետություններին այս համաձայնության հասնելու գործում իրենց համագործակցային ոգու համար», – ասել է նախարար Վալտոնենը։
Նախարարների խորհրդի այս որոշումը հաջորդում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրին, որին ներկա էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը։
Նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ մասնակից բոլոր 57 պետությունների կոնսենսուսով։
Կարդացեք նաև
«Սա պատմական զարգացում է, որը ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը, նույնիսկ տասնամյակների հակամարտությունից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա ընդհանուր լեզու գտնելու ընդհանուր վճռականություն», – ասել է գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն։
ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել են իրենց անսասան հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք երկարատև խաղաղություն և կայունություն են բերում Հայաստանում, Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում։ Այս որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման համար։ Միայն վարչական գործառույթները, ինչպիսիք են ակտիվների և սարքավորումների հանձնումը, կշարունակվեն մինչև գործընթացի ավարտը՝ ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։