Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննախադեպ երեւույթների» շարքից

Սեպտեմբեր 02,2025 10:00

ՔՊ-ական քարոզչությունը սովորություն ունի տարփողել այս կամ այն երեւույթի «աննախադեպությունը»: «Տեսա՞ք, ինչ համերգ էր: Բա առաջ Հայաստանում համերգներ կազմակերպվե՞լ են»: «Տեսա՞ք, ինչ Վարդավառ էր: Բա առաջներում մարդիկ Վարդավառ տոնո՞ւմ էին»: «Տեսա՞ք, ժողովուրդը խորոված է սարքում, բա եթե խաղաղության դարաշրջան չլիներ, մարդիկ խորոված կսարքեի՞ն»:

Նույնը՝ միջազգային հարաբերություններում: «Տեսա՞ք, մեր հզոր վարչապետը զրուցում է աշխարհի հզորների հետ: Երբեւէ Հայաստանի որեւէ ղեկավար հանդիպե՞լ է որեւէ պետության ղեկավարի հետ»: Դա ոչ միայն պարզունակ քարոզչություն է, այլեւ չտեսության որոշակի դրսեւորում՝ իրենք իրենց վրա, կարծես թե, փոքր-ինչ զարմացել են:

Հանդիպելն ու խոսելը, իհարկե, ճիշտ է: Ավելին ասեմ՝ Շանհայան կազմակերպության հետ համագործակցելը, Չինաստանի հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելը եւ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը ճիշտ էր` անկախ այն համգամանքից, Պակիստանը հաջորդ իսկ օրը արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպություն Հայաստանի անդամակցության դիմումը:  Բայց ասել, որ դրանք ինչ-որ արտառոց, աշխարհացունց, շրջադարձային իրադարձություններ են, մեծ չափազանցություն կլինի:

Բայց ինչ-որ հարցերում շատ կուզեի, որ «աննախադեպություն» լիներ: Օրինակ, մարդիկ չկալանավորվեին քաղաքական դիրքորոշում հայտնելու կամ ընտրություններում հնարավոր մրցակից լինելու համար: Գրեթե միշտ եւ գրեթե բոլոր երկրներում իշխանավորները զարմանքից կլորացնում են աչքերը՝ «ի՞նչ քաղաքականություն, սա զուտ քրեական գործ է»: Այդպես էր նաեւ Սովետի ժամանակ: Թեեւ Քրեական օրենսգրքում կար «հակասովետական քարոզչություն» հոդվածը, բայց հաճախ այլախոհներին «կպցնում էին» այլ՝ զուտ քրեական հոդվածներ, այդ թվում՝ «սահմանադրական կարգի տապալումը»:

2018 թվականից առաջ նույնպես Հայաստանում կային քաղբանտարկյալներ՝ այնպես որ ինքնին երեւույթն ամենեւին «աննախադեպ» չէ: Միակ տարբերությունն այն է, որ եվրոպական կառույցներն ու դրանց կողմից ֆինանսավորվող հայաստանյան հ/կ-ներն այդ երեւույթի դեմ պայքար էին մղում: Հիմա՝ բերանները ջուր են առել: Մենք գիտենք, թե ինչու:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930