Նույնիսկ եթե պարտադիր է մեր դարավոր թշնամիների հետ հանդիպելը, համաձայնությունների գնալն ու հարաբերություններ հաստատելը, նրանց հետ ջերմ ու սիրալիր լինելը ոչ մի պրոտոկոլով պահանջված չէ, պարտադիր չէ։ Երեկ ամբողջ համացանցը ողողված էր Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի՝ ժպտադեմ, երջանիկ, մեր հարեւան երկու երկրների ղեկավարների եւ նրանց տիկնանց հետ հանդիպումների լուսանկարներով։
Հայ մարդիկ, որոնք դեռ չեն մոռացել պատերազմներն ու մեր կորուստները, Արցախի հայաթափումն ու մեզ ուղղված ագրեսիվ հռետորաբանությունը, մարդիկ, որոնք պարբերաբար ադրբեջանական լրատվականների տեսանյութերում ու ռեպորտաժներում տեսնում են, թե ինչքան են ծերացել ու տառապել Բաքվում դատվող հայազգի հայտնի գործիչները, մարդիկ, որոնք մեծ զայրույթ են ապրում, երբ Ադրբեջանի նախագահը վիրավորում է հայի ինքնությունը, ծաղրում է Հայաստանի վարչապետին, Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան եւ չի թաքցնում Հայաստանը ոչնչացնելու նենգ ծրագիրը… չէին հասկանում, թե ինչպես կարելի է այդքան ջերմ ժպտալ այդ հրեշներին, երջանկությունից նվաղած դեմքով լուսանկարվել դրանց հետ, կարծես դրանց մահաբեր տանդեմը չէ 5 հազար տղայի կյանք խլել մեզնից եւ մեր հողերին տիրացել։
Եվ եթե Ալիեւն ու Էրդողանը հռհռում են, դրա համար հիմնավոր պատճառ ունեն՝ հաղթել են, հասել են իրենց ուզածին. զավթել են Արցախը, ինչ նպատակ դրել են իրենց առաջ, անշեղորեն գնում են այդ ուղղությամբ` փորձելով անշրջելի դարձնել իրենց հաղթանակները։ Իսկ ինչի՞ վրա է հրճվում Հայաստանից Չինաստան հասած իշխանական զույգը, ի՞նչն է նրանց այդպես հաճույք պատճառում, որ այդքան ուրախ ժպտում են՝ խոցելով յուրաքանչյուր արժանապատիվ հայի հոգին եւ հերթական անգամ վիրավորելով մեր ինքնասիրությունը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածը՝ «Հրապարակ» օրաթերթից