Արդեն մի քանի տարի է, ինչ բարձրագույն ուսումնական հաստատություններում շատ մասնագիտությունների գծով դիմորդներ չկան։ Բայց այս տարի խնդիրն ավելի սրված բնույթ ունի: Պետական բուհերում՝ 25, իսկ ոչ պետական բուհերում՝ 96 մասնագիտության գծով ուսանողներ չենք ունենալու, քանի որ դիմորդներ չեն եղել։ Այս տարի հատկապես շատ քիչ դիմորդներ են դիմել բնագիտական մասնագիտություններով մանկավարժական կրթություն ստանալու համար։
Բացի դրանից, կրթության մակարդակը համապատասխան չէ ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պայմաններին։ Բարձրագույն կրթությունը տարիներ շարունակ առաջընթաց չի ապրում և չի արտացոլում ժամանակակից զարգացման հանգամանքը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ բազմաթիվ մասնագիտություններ ժամանակի ընթացքում ուղղակի վերանալու են, քանի որ արհեստական բանականությունը փոխարինելու է մարդկանց։ Բացի այդ, տեխնոլոգիական զարգացումը իր հետ բերում է նոր մասնագիտությունների ձևավորում, որոնց գծով մեր հանրակրթական համակարգը դեռևս մասնագիտացում չի ապահովում։ Միայն որոշ մասնավոր կրթական կառույցներ են փորձում այդ բացը լրացնել։
Դպրոցական համակարգում ևս լուրջ խնդիրներ կան։ Արդեն որերորդ տարին է, ինչ պատասխանատու մարմիները չեն կարողանում դասագրքեր ապահովել, ինչն արդեն խայտառակություն է։ Այս համատեքստում նշվում է, թե աշակերտները թղթապանակներով կամ հին դասագրքերով են անցնելու, բայց նոր կրթական չափորոշիչների համաձայն՝ պետք է նոր դասագրքեր ունենայինք։ Եթե իշխանություններն անգամ նոր դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել, դրանից հետո նրանցից ի՞նչ կարելի է ակնկալել կրթության որակի ապահովման մասով։ Բացի դրանից, լուրջ բողոքներ կան դասագրքերի բովանդակության հետ կապված։ Պատահական չէ, որ մասնագիտական շրջանակում ամեն անգամ լուրջ աժիոտաժի պատճառ է դառնում նոր դասագրքերի թերությունների հարցը։
Այս նոր ուսումնական տարվա նորամուծությունն էլ այն է, որ որոշում է ընդունվել դասերը Երևանի դպրոցներում անցկացնել ժամը 8։15-ին։ Թերևս այն պատճառաբանվում է նրանով, որ քաղաքում խցանումները պիկ ժամերին կթուլանան։ Բայց այսպիսի որոշումն անակնկալ էր, քանի որ այն ընդունվել է հանպատրաստից՝ առանց համապատասխան վերլուծության։ Իհարկե, սկզբունքորեն գուցե և վատ բան չէ ժամնակային տարբերակվածությունը (դպրոց, բուհ, աշխատանք), բայց ցանկացած որոշում պիտի ունենա հաշվարկներ այն մասով, թե ինչ հետևանքներ ու արդյունքներ կարող է ունենալ։ Ժամային տարանջատումը պետք է հիմնված լինի կոնկրետ վերլուծության վրա, թե ո՞ր տաբերակն է ավելի ճիշտ՝ պետական կառույցների՞ աշխատանքը սկսել շուտ, բուհերի՞, թե՞ դպրոցների…
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։