«Մեր ծննդավայր, մեր հայրենիք վերադառնալու հարցը միջազգային տեսակետից մեր իրավունքն է, և չենք պատրաստվում դրանից հրաժարվել։ Արցախցին իրավունք ունի վերադառնալ իր տուն, իր գերեզմանների և սրբությունների մոտ։ Դա մեզ համար փակ թեմա չէ»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ Արցախի հանրապետության հռչակման օրը, «Արցախի կանչը» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
Լրագրողների փաստմանը՝ ի՞նչ մեխանիզմներով է պատկերացնում վերադարձը, անգամ Մինսկի խումբն է լուծարվել, Սամվել Շահրամանյանն այսպես արձագանքեց․ «Մենք դեմ ենք արտահայտվել Մինսկի խմբի լուծարմանը, քանի որ դա միակ միջազգային հարթակներով ստեղծված մեխանիզմն էր Արցախի հակամարտությամբ զբաղվելու համար։ Մինսկի խմբի գոյության պայմաններում ևս հնարավոր է եղել արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից, հուսով ենք, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ այդ հնարավորությունից օգտվելու համար»։
Այս առիթով Սամվել Շահրամանյանը նշեց․ «Արցախի հարցը փակելը, Մինսկի խմբի լուծարումը, Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը, այդ ամենը իրականացվում է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում՝ նկատի ունեմ ընտրությունների պարագայում, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի և ըստ դրա՝ մենք՝ որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, ևս կկողմնորոշվենք այս հարցերով»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքում ներկայացված է, որ Դուք Արցախը լուծարելու մասին փաստաթուղթ եք ստորագրել, Սամվել Շահրամանյանն արձագանքեց․ «Դա իրականության հետ աղերս չունի։ Փաստաբան Ռոման Երիցյանն էլ անդրադարձել է այդ հարցին, և կգնանք իրավական ճանապարհով, կտրվի իրավական գնահատական»։
Լրագրողների փաստմանը՝ Դուք եք ստորագրել այդ փաստաթուղթը, որը այդպես էլ չհրապարակվեց, հիմա հերքում եք, որ Դուք չեք ստորագրե՞լ, Սամվել Շահրամանյանը պատասխանեց․ «Շահարկումներից խուսափելու համար մենք արդեն տեղափոխվելուց հետո այդ փաստաթուղթն անվավեր ենք ճանաչել։ Եթե որևէ մեկը համարում է, որ գոյություն ունի նման փաստաթուղթ, ուրեմն այդ մարդը պետք է հաշվի առնի, որ գոյություն ունի փաստաթուղթ, որով այդ փաստաթուղթն անվավեր է ճանաչվել։ Ով կուզի տեսնել Արցախը, կտեսնի, ով չի ուզում տեսնել, կփնտրի պատճառներ՝ այդ թվում այդ փաստաթղթից կառչելը»։

A solemn opening ceremony of the ‘Call of Artsakh’ Memorial Complex dedicated to the Artsakh heroes took place at the Yerablur Military Pantheon of Yerevan, Armenia
Լրագրողները խնդրեցին Սամվել Շահրամանյանին ներկայացնել, թե ինչ է պատմել Քննչական կոմիտեում, ինչի համար են նրան հրավիրել հարցաքննության, մասնավորապես արդյոք Սամվել Բաբայանի դիմումի վրա՞ են իրեն հրավիրել քննչական կոմիտե, և կա՞ հավանականություն, որ կարող է իրեն էլ կալանավորեն, Սամվել Շահրամանյանն արձագանքեց․ «Ես այդ գործերով ունեմ վկայի կարգավիճակ։ Քրեական գործի շրջանակներում հաշվի առնելով գաղտնիությունը՝ մանրամասներ չեմ նշի։ Դա վերաբերում է Արցախում վերջին ժամանակներում տեղի ունեցած իրադարձություններին»։ Իրեն կալանավորելու հարցի առիթով էլ նշեց․ «Մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Տեղյակ չեմ, թե Սամվել Բաբայանն ինչ հաղորդում է տվել, կամ ինքն է տվել, թե՝ ոչ»։
Սամվել Շահրամանյանի կարծիքով՝ եթե անգամ չլիներ նման քրեական գործ, պետք է դա նախաձեռնվեր, որի շրջանակներում պարզվեր իրականությունը։
Անդրադառնալով Եվլախի բանակցությունների հետ կապված շահարկումներին՝ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ես Եվլախում չեմ եղել երբևիցե, որևէ բանակցություն չեմ վարել, Եվլախ գնացող մարդիկ որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Իրականացվել է հումանիտար բնույթի հարցերի քննարկում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ