Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մինասյան. «Մենք նախապատրաստել էինք 80-ականները: Հիմա էլ պետք է նախապատրաստենք մեր հաջորդ 88-ը»

Սեպտեմբեր 02,2025 17:32

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը այսօր «Հայելի» ակումբում խոսելով Արցախի անկախության օրվա խորհրդի մասին, ասաց. «Իսկապես, բարդ զգացումներ են առաջացնում ցանկացած նորմալ մարդու համար, որովհետեւ 34 տարի առաջ իրականացավ բոլորի երազանքը, բայց ոչ թե երկնքից ընկած, այլ մարդկանց նվիրումով, արյուն-քրտինքով, տառապանքով, կայսրության դեմ գնալով, ապրված հաղթանակը: Մեր ժողովուրդը իր արցախյան եւ հայաստանյան մասերով ապրում էր դրանով: Այդ ապրված հաղթանակը չի անցնում, նման բան չկա: Բնության մեջ ընդհանրապես ոչ մի բան անհետ չի կորում: Ուղղակի գալիս են ժամանակներ, երբ որ դու պարտավոր ես վերագնահատել ու հասկանալ:

Պետք է հասկանալ, որ կան գլոբալ շահեր, Արեւմուտք-Ռուսաստան հակամարտություն: Եվ այն բոլոր պրոբլեմները, որ մենք այսօր տեսնում ենք, մեզնից առաջ եղել են Վրաստանում, Ուկրաինայում: Բայց այսօր պետք է հասկանանք նաեւ, թե հետո՞ ինչ, վե՞րջ: Բոլոր այն մարդիկ, որոնք ասում են վերջ, գուցե հոգնած են, դառնացած են: Կարելի է հասկանալ, բայց չի կարելի ընդունել, որովհետեւ վերջ երբեք չի լինում: Գալու են նոր ժամանակներ, նոր հնարավորություններ: Ու դա կախված է լինելու, թե այսօր մենք, յուրաքանչյուրս ինչպես կպահենք մեզ: Ու այդ հնարավորությունից կամ կօգտվենք, կամ չենք օգտվի:

Ամեն ինչ 80-ականներից չէր սկսվել: Մենք նախապատրաստել էինք 80-ականները: Հիմա էլ պետք է նախապատրաստենք մեր հաջորդ 88-ը: Ու այն ժամանակ արդեն այն սխալները, որոնք օբյեկտիվից բացի սուբյեկտիվ էին, արդեն իրավունք չունենք կրկնելու:

Այսօր իսկապես բավականին բարդ ժամանակ է: Եվ մենք պետք է կարողանանք սթափ նայել իրականությանը: Նախ, պետք է գնահատենք՝ ինչ է եղել, որովհետեւ այդ կեղտը, որ այսօր իշխանության կողմից լցվում է հայ ժողովրդի գլխին, մի նպատակ ունի՝ ասելու, որ դու անարժան ես, որ դու իրավունք չունես գլուխդ բարձր պահելու, որ միշտ մեջքդ կքած պետք է պահես քո հարեւանների առաջ: Դա ժողովրդի մի հատվածին իսկապես շեղում է ճիշտ ճանապարհից: Դա եւս տեխնոլոգիա է, որը Հայաստանում չի ծնվել, բայց մենք պետք է կարողանանք ուժ գտնել, որ գոնե այն մարդկանց, որոնք այդ ամենին նայում են շատ ավելի խորը, բացատրենք, որ սա էլ է անցնելու եւ հաստատ անցնելու է: Բայց հանկարծ այնպես չլինի, որ երբ սա ընկնի, մեր մոտ խզում առաջանա 88-ի պանծալի ու նոր ժամանակների միջեւ:

Եվ այսօրվա մեր խնդիրն իսկապես այդ շարունակականության ապահովումն է: Բոլորս պետք է ամեն ինչ անենք: Պետք է հասկանանք, որ ցանկացած մարմին հիվանդանում է, չէ՞: Այսօր էլ մեր հիվանդության ժամանակն է: Բայց չպիտի թույլ տանք, որ այդ հիվանդությունը քայքայի ամբողջովին մեր մարմինը: Սա ինչ-որ ժամանակ է եւ պարտավոր ենք ատամներս սեղմած, հայացքներս՝ ապագային ապրել, որպեսզի վաղը, երբ որ հնարավորությունը գա, պատրաստ լինենք: Այնպես, ինչպես պատրաստ էինք 88-ին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930