Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր գնում է Բաքվի հետ զուգահեռ, ծրագրված, ենթարկված, ծնկաչոք քաղաքականություն Հայաստանի իշխանության կողմից». Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 02,2025 17:56

«Հիշենք այսօր եւ մեր սրտերի, կամքի եւ գործերի մեջ պահենք մեր քաղաքական բանտարկյալներին, մեր նախագահներին, գեներալներին, շարքային քաղաքացիներին, պատգամավորներին, սրբազաններին՝ առաջին հերթին Բաքվում, բայց նաեւ զուգահեռաբար Երեւանում: Սա ցույց է տալիս, որ այսօր գնում է զուգահեռ, ծրագրված, ենթարկված, ծնկաչոք քաղաքականություն Հայաստանի իշխանության կողմից»,- այսօր՝ Արցախի անկախության օրը «Հայելի» ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այսօր սեպտեմբերի 2-ն է: 34 տարի առաջ կազմավորվեց, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մի քանի ամիս անց տեղի ունեցավ հանրաքվեն, որը ամրագրեց այս օրվա հռչակումը: Դա ոչ միայն մեր պատմության, մեր կենսագրության մեջ, այլեւ արդի հայոց պատմության եւ ապագայի մեջ պիտի մնա որպես շատ առանցքային օր: Դրանից 19 օր անց Հայաստանի Հանրապետությունը անցկացրեց իր, մեր Անկախության հանրաքվեն: Եվ դրանից հետո զուգահեռաբար հայկական երկու պետությունները զարգացան՝ վերիվայրումներով, մեկ-մեկ ոչ այնքան փայլուն, սխալական, անավարտ, մեղավոր, բայց բոլոր դեպքերում հաղթած:

Երկար դարաշրջաններ այդ պահը չէինք կերտած, վայելած եւ դա կատարվեց: Հայրս՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, գրեց Առաջին Հանրապետության մոնումենտալ պատմությունը: Նա Առաջին Հանրապետության պատմագիրն էր: Եվ դրա զգալի մասը նաեւ Արցախն էր, ինքնորոշման, ազատության համար Արցախի պայքարը:

Սեպտեմբերի 2-ին ես եղել եմ Շուշիում: Այս վերջին տարիներին անսովոր է: Մենք հեռվից ենք այս օրը նշում, տոնում, տղաների լույսը մեր մեջ ընդունում: Դա մեծ ցավ է: Առաջին անգամ Հայրենիքում, բնօրրանում չմնաց հայ, այն էլ Հայաստանի պետականության պայմաններում: Մենք, Արցախը, ապրել ենք տարբեր արշավներ, տարբեր տեսակի բռնազավթումներ՝ մելիք է եղել, շահ, սուլթան, թե Սովետական Միություն, բայց հայը մնացել է այնտեղ»,-արձանագրեց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով ընտրությունների թեմային՝ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ազգային միասնության կարեւորության մասին: «Ամեն մեկը իր ձեւով, իրեն ստիպելով, իրեն ծուլությունից դուրս հանելով պիտի դռնեդուռ ընկնի, քաղաքներում ու գյուղերում մարդկանց հետ շփվի ու ներկայացնի իրավիճակը, որ ամեն ինչ կանխորոշված չէ, որ պետք չէ լինել ճակատագրապաշտ: Եվ ոչ թ միայն կարող ենք, այլ ուղղակի պարտավոր ենք ընտրություններում հաղթել:

Չեմ ուզում որեւէ մեկը նեղանա, քաղաքական գործիչները նեղացկոտ չեն, բայց նույն մանրակերտով, նույն մոդելով ընտրություններ չենք կարող թույլ տալ: Պետք է լինի նորացված մոտեցում, որն ընդգրկող է, ներառող է, ստեղծագործական է, որը թույլ կտա, որ հայ ժողովուրդը իր մեծամասնության մեջ այնտեղ տեսնի պետական այլընտրանք, որի կենտրոնը Երեւանն է, որը կարող է գործ բռնել Ռուսաստանի, Եվրոպայի, Չինաստանի, Ամերիկայի Միջին Արեւելքի՝ բոլոր-բոլորի հետ»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930