Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական նպատակը ՀՀ երրորդ նախագահի շուրջ հանցավոր սխեմա ստեղծելն է»․ Ամրամ Մակինյան

Սեպտեմբեր 02,2025 18:03

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նիստը։ Հանրային մեղադրողը գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի դեմ գույքային հայց ներկայացրեց․ ըստ այդմ, իբրեւ անձնական շահագրգռվածությունից ելնելով եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, գործով մեղադրյալները մի դրվագով պետությանը պատճառել են 76 միլիոն 862 հազար դրամի վնաս, մեկ այլ դրվագով՝ մոտ 37 միլիոն դրամի, մյուս դրվագով էլ՝ մոտ 460 միլիոն դրամ։

Այսպիսով, քրեական գործի 17 դրվագներով, դատախազությունը գտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետությանը պատճառել է 4 միլիարդ 470 միլիոն 697 հազար 300 ՀՀ դրամ, 76 միլիոն 852 հազար դրամ վնաս էլ պատճառվել է Սերժ Սարգսյանի եւ Վալերի Գրիգորյանի գործողությունների արդյունքում, 526 միլիոն 520 հազար ՀՀ դրամ վնաս էլ պետությանը պատճառվել է Սերժ Սարգսյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի գործողությունների արդյունքում։

Ընդհանուր առմամբ, դատախազությունը հօգուտ պետբյուջեի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից իբրեւ փոխհատուցում պահանջում է 3 միլիարդ 337 միլիոն 557 հազար 657 դրամ, Սերժ Սարգսյանից եւ Վալերի Գրիգորյանից՝ 76 միլիոն 852 հազար դրամ, Սերժ Սարգսյանից եւ Ալեքսան Ալեքսանյանից՝ 526 միլիոն 520 հազար դրամ։

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն անդրադարձավ գույքային հայցը ներկայացնող մեղադրողի բառապաշարին՝ «հանցակիցներ», «հանցակիցների կողմից ձեռք բերված հանցավոր պայմանավորվածություն», «հանցավոր սխեմա», «հանցավոր գործողություններ» եւ համանման այլ որակումներին՝ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին։ Ըստ նրա, մեղադրողի հիմնական նպատակն էր ՀՀ երրորդ նախագահի շուրջ հանցավոր սխեմա ստեղծելը։

Նա տարակուսեց՝ հայցը գրողը ի՞նչ հոգեկան վիճակում է եղել այն գրելիս։ Գույքային հայցի վերաբերյալ Ամրամ Մակինյանը դիրքորոշում կհայտնի դրան մանրամասն ծանոթանալուց հետո։

Սերժ Սարգսյանի մյուս պաշտպանը՝ Ռուբեն Հակոբյանը՝ մեղադրողից հետաքրքրվեց՝ ի՞նչն է իրեն ստիպել գեթ մեկ անգամ չօգտագործել «ենթադրյալ հանցանք» բառակապակցությունը, ինչը նաեւ իր պարտականությունն էր։

Մյուս պաշտպանները նույնպես հայտարարեցին, որ ժամանակ է անհրաժեշտ՝ գույքային հայցին ծանոթանալու համար՝ հայտարարելով, որ համամիտ են պաշտպանների այն դիրքորոշման հետ, որ հանրային մեղադրողն անմեղության կանխավարկած է խախտում։

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում Ամրամ Մակինյանն ասաց, որ դատախազությունը փուչ թվեր է հնչեցնում՝ 2018 թվականից սկսած եւ դրա ապացույցը հայտնի «դիզելի գործն է», իսկ առարկայական, դատախազության ներկայացրած թվերին նա կանդրադառնա հաջորդ դատական նիստում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, երկու գործ էր քննվում․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող «Տոյոտա» ավտոսրահին պատկանող հողատարածքների գործը։ Այս գործով երրորդ նախագահին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին․ խոսքը հողերի օտարման մասին է։ Ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանն Իսակովի պողոտայի որոշ հողամասեր ՀՀ երկրորդ նախագահին պատկանող «Տոյոտա-Երեւան»-ին փոխանցելու համար, էժան գնով է վաճառել: Իշխանությունը շահարկում է հողակտորների՝ Եռաբլուրին մոտ լինելու հանգամանքը, սակայն այդ հողակտորները մեծամասամբ Եռաբլուրի դիմացի մայթին են, դրանց մի մասն էլ Չինաստանի դեսպանատան կառուցմանն է հատկացվել։ Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտարարել է, որ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է` քաղաքացիաիրավական գործարքները դատախազությունը քրեականացրել է։ Մյուս գործը գործարար Սիլվա Համբարձումյանի՝ «դարի կաշառքների» գործն է, որով անցնում են բազմաթիվ պետական պաշտոնյաներ։ Այս գործով վաղեմության ժամկետը լրացել է դեռ երկու տարի առաջ:
Դատավորը միավորեց գործերը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930