Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով լսվեցին եզրափակիչ ելույթներ։ Նրա պաշտպան Ռոման Ահարոնյանը նշեց, որ այս քրեական վարույթի առաջին իսկ օրվանից մինչ այս պահն ակնհայտ է, որ գործ չունեն սովորական իրավական գործընթացի հետ, այլ ականատես են քաղաքական անթաքույց հետապնդման։
Ռոման Ահարոնյանն ասաց․ «Այս գործի միակ նպատակը Սրբազանին իր մտքերի համար պատժելն է, իր խոսքը լռեցնելը։ Պետությունը իր ողջ գործիքակազմով ներգրավված է այս պատժիչ գործընթացում։
Դատական համակարգը չպետք է կախյալ լինի քաղաքական իշխանությունից․ իշխանավորներն անցողիկ են, մինչդեռ դատական ակտերը, որոնք կայացվում են պետության անունից և կրում են պետական զինանշանը, մնայուն են և կարող են ուղենիշ դառնալ հետագա սերունդների համար։
Մենք այստեղ ենք արդարադատությանն ու իրավունքի գերակայության սկզբունքներին հավատարիմ մնալու համար։ Այսօր կանգնած ենք արդարության փորձության առջև, մենք կապացուցենք, որ այս քրեական հետապնդումը զուրկ է իրավական հիմքերից և իրականում ծառայում է որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։
Կարդացեք նաև
Այս դահլիճում մենք պաշտպանում ենք ոչ միայն Միքայել Սրբազանին, ազատ խոսքն ու արդարությունն, այլ ստիպված ենք պաշտպանելու տրամաբանությունն ու ողջախոհությունը, որովհետև այս գործընթացում նրանք նույնպես վտանգված են»։
Նա նշեց, որ մեղադրողների ճառում չի հերքվել պաշտպանական կողմի մեջբերած ոչ մի փաստարկ։ Հիշեցրեց, որ դատախազն է կրում մեղադրանքի ապացուցման և պաշտպանների բերված փաստարկների հերքման պատասխանատվությունը։ Սակայն, ըստ նրա, ականատես եղան նրան, որ մեղադրական կողմը միայն պնդեց մեղադրանքը, մինչդեռ պիտի համոզիչ կերպով փաստարկեր ու ցույց տար, որ գործ ունեն հանցանքի հետ՝ հերքելով պաշտպանական կողմի փաստարկները։
Նա խոսեց մեղադրանքի իր ձևակերպմամբ՝ փուչ լինելու մասին։
«Մեղադրանքն անհիմն է, կառուցված է խոսքերի մանիպուլյացիաների վրա, մոտավորապես մի շարադրանք է, որին փորձ է արված հաղորդել հանցանքի երանգ․ նկարագրված փաստակազմը չի համապատասխանում հանցակազմի հատկանիշներին։ Մեղադրանքն արհեստական է, իսկ հանցանքի նկարագրությունը չի արտահայտում հանցակազմի էությունը»,-ասաց Ռոման Ահարոնյանը։
Նա նշեց, որ Միքայել Սրբազանի երկու հարցազրույցներում բռնության ու իշխանությունը զավթելու կոչ չկա, արհեստականորեն փորձել են տալ հանցանքի շարադրանք։ Սա մեծ մանիպուլյացիա է։
«Մեղադրանքի կողմը մեկնաբանություն է գրել փաստի փոխարեն, մեղադրանքի հիմքում պիտի լինի փաստը․ այս դեպքում կոչը, ոչ թե այն խոսքերը, որոնք կարող են մեկնաբանվել որպես կոչ։ Մեղադրանքը հիմնված է ոչ թե տեղի ունեցած փաստի վրա, որ Սրբազանը հստակ հրամայական եղանակով կոչեր է արել, որ գնացեք, իշխանությունը զավթեք, տապալեք, այլ մեկնաբանության, որ նա վերահաստատել է իր խոսքը, որ նախկինում մեկնաբանվել է որպես հեղաշրջում կատարելու անհրաժեշտություն։
Ակնհայտ է, որ անհրաժեշտության մասին խոսքը պատմական կամ վերլուծական բնույթի է, կոնկրետ գործողության կոչ չէ։ Մանիպուլյացիան այն է, որ մեկնաբանությունը ներկայացվում է որպես փաստ։ Այս ամենը ցույց է տալիս, որ մեղադրանքը չունի փաստական հիմք, քանի որ հիմնված է ոչ թե իսկապես կոչի վրա, այլ խոսքի մեկնաբանության, որը դիտարկվում է որպես կոչ»։
Ըստ պաշտպանի, Սրբազանին մեղսագրվել է երկու վեկտորով արված կոչ․ առաջին․ իշխանությունը զավթելու, երկրորդ՝ սահմանադրական կարգը բռնի տապալելու։ Ըստ նրա, սրանք տարբեր բաներ են, ու մեղադրող կողմը պիտի ապացուցի յուրաքանչյուրի առկայությունը, քանի որ նույն խոսքը, նույն կոչը չի կարող ուղղված լինել երկու տարբեր նպատակների։
«Ճոխ գրել են, շատ լինի, քիչ չլինի, սա վերստին ապացուցում է, որ պետության նպատակը մեղադրական մի բան ստանալն է, կարծես ինչքան խուճուճ ձևակերպումներ ունենա, այնքան ազդեցիկ կարող է լինել, սակայն այս բառերի հերթականությունը միայն ոչ մասնագետի համար կարող է տպավորություն առաջացնել, իսկ քրեական արդարադատության տիրույթում այն միայն ավելացնում է դատախազության բեռը՝ ապացուցելու, տեր կանգնելու ամեն մի մեղսագրված արարքին», -ասաց պաշտպանը։
Պաշտպանը նաև նշեց, որ մեղադրանքի մասում բացակայում է ողջամիտ նկարագրությունը, ուր մնաց ապացույցները։ Նա նշեց, որ գործ ունեն ոչ թե բազմակողմանի, այլ միակողմանի քննության հետ: Մեղադրող կողմի համար նույնիսկ տրամաբանական կապերը կարևոր չեն։ Պաշտպանը հարց ուղղեց, եթե կոչ է արել, ինչո՞ւ մեղադրանք չի առաջադրվել լրատվամիջոցին։
Ըստ պաշտպանի, պետությունն այնքան է տարվել Սրբազանին պատժելու գործով, որ Սրբազանի օրագրից հանել են 2022 թվականի գրառում, որտեղ նա խոսում է 168․am-ին հարցազրույց տալու ու իշխանությանը դարձյալ քննադատելու մասին։
«Սրանով դատախազը հաստատում է, որ 2024 թվին Սրբազանն ունեցել է դիտավորություն կոչ անելու, բռնությամբ իշխանությունը զավթելո՞ւ։ Ոնց որ կարևոր չեն տարածությունն ու ժամանակը, կարևորը մոտեցնեն անհրաժեշտ բառերը, կպցնեն, մի բան տանք առաջ։
Սակայն այստեղ էլ չի հաջողվում, հեղաշրջման կոչ անելը հանցանք չէ, հանցանք է բռնությամբ իշխանությունը զավթելու կոչը, դրանք տարբեր բաներ են, որը մեր դեպքում ոչ մի կերպ չկա։ Էս վերջերս՝ 2025 թվականի օգոստոսի 21-ի երկրի վարչապետն էլ նույն հեղաշրջման կոչ արեց քաղաքացիներին, որոնք համաձայն չեն Ղարաբաղի հարցում իր մոտեցման հետ։ Ավելին, նշեց, որ աշխարհի ու պատմության մեջ միակ վարչապետն է, որ սեփական քաղաքացիներին հեղափոխության կոչ է արել, երբ որ քաղաքացիները համաձայն չեն իր ռազմավարության հետ։ Հիմա ինչ ստացվեց, վարչապետի կոչը, որ դիմում է մարդկանց հեռուստացույցով հեղաշրջում կատարելու մասին հանցանք չէ, իսկ Սրբազանի իշխանությունը փոխելու անհրաժեշտության մասին մտորումը, որն առնվազն վեց տարի շրջանառվում է, հանցա՞նք է»,-ասաց պաշտպանը։
Նա նաև հիշեցրեց, որ պետությունը առնվազն երկու անգամ պարզաբանել է, որ Սրբազանի արտահայտություններում չկա հանցակազմ։
«Դատարանին չի մնում այլ բան, քան կայացնելու արդարացման վերդիկտ», -ասաց պաշտպանը։
Նա նշեց, որ այս մեղադրանքը ծառայում է որպես գործիք՝ ճնշելու Սրբազանի ազատ խոսքը, այն խոսքը, որ հաճելի չէ իշխանությանը։
«Այս մեղադրանքը ցույց է տալիս, թե ինչպես քաղաքական շահերը կարելի է վեր դասել օրենքից, կոչ եմ անել հիշել, որ դատարանի դերը ոչ թե իշխանությանը սպասարկելն է, այլ արդարադատությանը ծառայելը, դատավորի դերը ոչ միայն պաշտոն է, այլ սրբազան առաքելություն։ Այն Աստվածաշնչում ներկայացվում է որպես արդարադատության գործիք, որը պարտավոր է ոչ թե ծառայել մարդկանց շահերը, այլ պաշտպանել բարձրագույն ճշմարտությանը, այսօր ձեզանից պահանջվում է այդ առաքելության կատարումը»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ