«Արցախի անկախությունը ձեռք է բերվել սերնդափոխությունների արդյունքում: Սա ասում եմ նրա համար, որպեսզի շատ չվհատվենք: Հասկանում ենք, որ Մինսկի խումբն են լուծարում, Արցախն են ճանաչում Ադրբեջանի կազմում: Ամբողջությամբ փորձում են մեզ սթրեսի, ընկճախտի մեջ պահեն: Բայց պետք է հասկանանք, որ Արցախը, որը 1921 թվականին սովետական իշխանությունը փաստացի խլեց ու հանձնեց Ադրբեջանին, դրանից 70 տարի հետո ոչ սեպտեմբերի 2-ը կար, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Կար հավատը, կար սերնդափոխությունը, շարունակականությունը: Այդ հավատը մի օր տվեց իր արդյունքը եւ մեր ավագ սերունդը, ի վերջո, կարողացավ հասնել հաջողության՝ կամքով, բազուկով, խելքով: Եվ հետո նաեւ այդ անկախությունը ամրագրել»,-այսօր՝ Արցախի անկախության օրը «Հայելի» ակումբում ասաց գրող, լրագրող, հրապարակախոս, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը եւ շարունակեց:
«Խնդիր եղավ շարունակությունը: Կարծում եմ՝ այնքան էլ արմատական պատկերացնելի չէր, թե որտեղից ուր ենք գնում: Կամ, պարզապես, սխալ մարդիկ հայտնվեցին պաշտոններում եւ սխալ որոշումներ իրականացրեցին: Եվ անարդարությունների շրջանը բերեց, հանգեցրեց մի նոր, ավելի մեծ անարդարության ու այդ ամբողջ ջանքն ու եռանդը հանձնվեց բարբարոսներին»:
Հովհաննես Իշխանյանը նշեց, որ թեեւ սեպտեմբերի 2-ը մենք չենք նշում Արցախում, սակայն այս հիշողությունը, այս ամսաթիվը պահպանելը մեզ բերելու է նոր ամսաթվերի, նոր հաջողությունների, չնայած, նրա խոսքով, այս իշխանության պարագայում մենք նոր անհաջողություններ ենք ունենալու: «Հայաստանում ու աշխարհում նոր մտքի, կարողության ու զարգացման շրջան է:
Եվ մենք՝ հայերս, ովքեր հետաքրքրված են մեր իրավունքների պաշտպանությամբ ու շահերով, այո, պետք է զարգանանք: Երեկ էլ սեպտեմբերի 1-ն էր: Իզուր չի, որ Արցախի անկախության օրը գիտելիքի օրվան է հաջորդում: Պետք է գիտելիքով փորձենք հաղթել: Զգացմունքային դաշտը կարեւոր է, որովհետեւ զգացմունքային դաշտն է պահում մեր հավատը: Մեր հոգին այնտեղ է: Բայց այդուհանդերձ, եթե զգացմունքային դաշտը կայուն է, մնում են գիտելիքները եւ միմյանց հետ համագործակցությունը, որովհետեւ Արցախի վերադարձը մեկ կամ երկու հոգու բան չէ:
Կարդացեք նաև
Ես շնորհավորում եմ հատկապես այն մարդկանց անկախության օրը, որոնք հիմա Բաքվի բանտում են բայց ավելի անկախ են, քան Հայաստանում գտնվող փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, որոնց պատճառով հիմա այդ մարդիկ անազատության մեջ են ֆիզիկական իմաստով, բայց նրանցից շատ ավելի ազատ են ու անկախ»,- ասաց գրող, հրապարակախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ