Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցմահ տվեք, պրծեք, փրկեք իմ ինտելեկտը խոշտանգումից»․ Միքայել Սրբազանը՝ դատավորին

Սեպտեմբեր 02,2025 20:00

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, քննվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցի հարցը։

Դատախազը միջնորդել էր մեկ ամսով երկարացնել կալանքը, որը փաստացի բավարարվեց դատարանի կողմից։

Մինչև այդ Միքայել Սրբազանը կարճ ելույթ ունեցավ ու դիմելով դատարանին՝ առաջարկեց իրենց ցմահ տալ ու պրծնել։

Նա ասաց, որ ինքը որևիցե բան չի խնդրում, որևէ մեկը նման հույս չփայփայի։ Նա նշեց, որ ինքն ազատ է ամենուրեք։

«Ես ուզում եմ մի բնորոշում անել, երբ որ մեղադրող կողմը խոսում է, իմ ինտելեկտը խոշտանգվում է։ Յոթերորդ նիստն է ինտելեկտի խոշտանգման միջև, փրկեք ինձ ինտելեկտի խոշտանգումից։

Ցմահ տվեք, պրծեք, ընդհանրապես որևիցե մեկին, եթե մեղադրում եք արարք գործելու մեջ, ուրեմն ցմահ պիտի տաք, ուրիշ ձև չկա, չնայած դա էլ սահման չէ խոսքը սահմանափակելու»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Միքայել Սրբազանը դատարանին ասաց, որ ինքն օրինական քաղաքացի է․ երբ դատարանը շփման սահմանափակումները վերացրել է, բացի լրատվամիջոցների հետ շփումից, ինքը հարգել է որոշումը, լրատվամիջոցներն անընդմեջ սադրել են, հարցեր տվել, սակայն չի շփվել։

«Ես՝ ի տարբերություն ձեզ, հարգում եմ էս երկիրը, էս գերբը, էս դրոշը, հարգում եմ նույնիսկ դատարանի ապօրինի որոշումը։ Հնարավորություն չունեի՞ ես լրատվամիջոցների հետ խոսելու, ասելու, բարձրաձայն հարցեր էին հնչեցնում, ինչո՞ւ չէի անում, որովհետև սահմանափակումը չէր վերացել»,-ասաց Սրբազանը։

Նա դատավորին ասաց․ «Դուք սեփական մեղադրանք չունեք, դուք պատվեր եք կատարում, դադարեք էդ պատվերը կատարել, դժվա՞ր է»։

Խուցը, որտեղ իրեն պահում են, համարեց խոզանոց։

Դատավորին  էլ հորդորեց  հաղթահարել վախը, ազատ լինել, ինչպես ինքն է ազատ։

«Եվ ես կլինեմ ազատ, մնացածը ձեր գործն է, ես ոչ մի բան չեմ խնդրում»,-ասաց Սրբազանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930