«Որդեգրվեց «անհրաժեշտ է հրաժարվենք Արցախից, որ փրկենք Հայաստանը» կեղծ կարգախոսը։ Հիմա արդեն անթաքույց խոստովանում են, որ որոշակի զիջումներով կարելի էր խուսափել 44-օրյա պատերազմից, բայց իբրեւ թե Հայաստանի անկախության համար այս վարչախումբը փաստորեն մեր ժողովրդին մտածված տարել է նվաստացուցիչ պարտության։ Պատերազմական կանոններով՝ սա նշանակում է անցնել թշնամու կողմը։ Ուստի, քանի դեռ այս վարչախմբի համար մեր պարտությունն ու կորուստներն են հաջողության միջոցը, նրանք մեր ժողովրդին պահելու են պարտվելու, զիջելու, իբրեւ թե իրական խաղաղություն կերտելու պատրանքի մեջ, մինչեւ որ իրականություն դարձնեն թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները։ Հետեւաբար, այս վարչախմբի մատուցածն իրականում ոչ թե խաղաղության, այլ մեր կրած պարտության ամրագրման գործընթաց է»,- Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ մեծագույն խաբեություն է պարտության ամրագրման այս գործընթացի մի փուլում ձեռք բերված զինադադարը որպես վերջնական խաղաղություն մատուցելը, լիարժեք չերաշխավորված զինադադարի դիմաց մեր սեփական շահերից եւ իրավունքներից հրաժարվելը։
«Այսպիսի խաղաղություն կոչվածի անխուսափելի հետեւանքը լինելու է հայկական ինքնության ու հայոց պետականության կորուստը, որովհետեւ խորքի մեջ հենց մեր հայկական ինքնությունն ու հայոց պետականության առկայությունը չի հանդուրժում թուրք-ադրբեջանական տանդեմը՝ այն համարելով որպես գլխավոր խոչընդոտ պանթուրանական ծրագրերի համար։ Դրա վկայությունն է այն, որ չբավարարվելով Արցախի հայաթափումով, թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն անցել է Արցախում հայկական հետքի իսպառ վերացմանը»,- նշեց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ անտեսված են Արցախում իրականացված էթնիկ զտման եւ ցեղասպանության գործողությունների, Բաքվում ընթացող կեղծ դատավարությունների, այնտեղ պահվող մեր պատանդների, արցախահայության վերադարձի իրավունքի եւ Հայաստանի տարածքների բռնազավթման հետ կապված մեր շահերից բխող բոլոր հարցերը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Արմեն Ռուստամյանն ասաց, որ հանուն մեր ինքնության եւ հայոց պետականության պահպանման պայքարն այլընտրանք չունի, որովհետեւ հակառակը Հայաստանի թուրքացումն է, ինչն անում է այս վարչախումբը։ «Մենք այստեղ ենք՝ վճռականորեն ասելու՝ «ոչ» դանդաղ մահվանը դատապարտելու այս ծրագրերին։ Այստեղ ենք նաեւ ասելու՝ այո, հայ ժողովուրդը կարող է եւ ունի հնարավորություն՝ իր ինքնությունն ու սեփական պետականությունը պահպանելու։ Մնում է միայն հեռացնել այս իշխանություններին, ունենալ այդ հնարավորությունների տերն իմացող եւ դրանք իրականություն դարձնող իշխանություն։ Մենք նորահայտ փրկիչների կարիք չունենք, մեր միասնությանը եւ հարատեւությանը հասնելու լավագույն բանաձեւը մեզ փոխանցվել է Հայ առաքելական եկեղեցու սպասավոր մեր սուրբ հայրերի կողմից, որը դարերի փորձություն է անցել, որն ասում է՝ ազատություն՝ երկրորդական բաներում, միություն՝ կարեւոր բաներում եւ սեր՝ ամեն ինչում։ Եվ ուրեմն, միություն, պայքար, հաղթանակ, սա է մեր ճիշտ ճանապարհը»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ