Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասաց, որ Արցախ վերադառնալու ու հայկական Արցախը վերադարձնելու հույս կա։
«Որեւէ հույս չկա այս իշխանության գոյության պայմաններում միայն։ Ես բազմաթիվ անգամ ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը, լվանալով Էրդողանի եւ Ալիեւի արյունոտ ձեռքերը, փորձում է լեգիտիմացնել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, ցեղասպանությունը, ինչպես նաեւ մեր կորուստները դարձնել անդառնալի։ Ես կարծում եմ՝ այդ գիծը դեռ չենք անցել, հնարավորություն կա, բոլոր հնարավորությունները կան։ Առաջինը, պետք է աշխարհին ցույց տալ, որ տեղի է ունեցել էթնիկ զտում ու ցեղասպանություն ու այդտեղից բխեցնել հավաքական վերադարձի իրավունքը։
Անշուշտ, այդ խնդիրը փակված չէ։ Իսկ սրանց պարագայում ոչ միայն վերադարձի հույս չկա, սրանց պարագայում Հայաստանը պահելու հույս չկա։ Մենք սրանից ծանր օրեր ենք ունեցել, հաղթահարել ենք, էս ժողովրդին էսքան հուսահատեցնել, էսքան ոչնչացնել, տանել դեպի ստրկացան, նվաստացման։ Իհարկե, սրանք, եթե մնան, ոչ մի հույս ու այլընտրանք էլ չկա»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ասաց, որ զիջումներով խաղաղության չես կարող հասնել, իսկ Հայաստանի այսօրվա իշխանությունները հայ ժողովրդին մի բան են առաջարկում՝ զիջենք, մինչեւ Բաքուն հանգստանա եւ այլեւս Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ չունենա։ Բայց մի կարեւոր խնդիր չենք հասկանում, որ Թուրքիան ու Ադրբեջանը հայկական ինքնության հետ խնդիր ունեն։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով տեղեկություններին, որ այս հանրահավաքից հետո իշխանությունները կարող են ՀՅԴ-ի գործունեությունն արգելակել, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Գլուխները պատին կտան, Դաշնակցությունն անձ չէ, որ փակեն, Դաշնակցությունն էություն է, գաղափարախոսություն է։ Ինչքան էլ փորձեն՝ այդ հարցը չեն կարող փակել, Արցախյան շարժումը Նիկոլը կամ ՔՊ-ն չեն սկսել, որ հիմա էլ փակեն, դա այս ժողովրդի անցյալն է։ Հայ ժողովրդի հավաքական կերպարը Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը չեն, մելիքֆրանգյուլները չեն, էս ժողովուրդը Արամ Մանուկյան, Համբիկ Սասունյան, Ռոբերտ Աբաջյան, Վիկտոր Համբարձումյան ունեցող ժողովուրդ է։ Պատերազմը ծանր է եղել, ծանր բաների միջով ենք անցել, բայց ինչպես առաջնորդես ժողովրդին, այնպես էլ կգնան։ Հիմա այս պարտված, նվաստացած ադրբեջանական ու թուրքական գործակալներն անընդհատ փորձում են ճնշել, ժողովրդին ներարկել, որ այլեւս ամեն ինչ ավարտված է, նվաստացման մեջ են ուզում պահել, որպեսզի իշխեն։ Այս ժողովուրդը նույն 1990-ական թվականներին ցրտին, մթին, ամենածանր պայմաններում առանց տրտունջի կռվել ու Արցախ է ազատագրել»,- ասաց նա»
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ