Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ինքնիշխանությունը պարտությո՞ւնն է «կերտել»

Սեպտեմբեր 03,2025 10:00

Առաջ, երբ մենք հաղթանակած երկիր էինք, երբ ազատագրել էինք Արցախը եւ գլուխներս բարձր կարող էինք շփվել ադրբեջանցիների հետ, մեր երկիրը գոյություն ուներ ուրիշների (Ռուսաստանի) համար, ուրիշների շնորհիվ: Հիմա, խայտառակ պարտությունից եւ Արցախը կորցնելուց հետո, մեր երկիրը գոյություն ունի իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար:

Ի՜նչ բարեբախտություն էր, որ մենք պարտվեցինք Ադրբեջանին, թե չէ այդպես էլ կմնայինք «ուրիշներից կախված»: Բայց ոչ՝ դա բարեբախտություն չէր: Մենք ունենք այնպիսի իմաստուն ղեկավար, որն ամեն ինչ բախտի քմահաճույքին չթողեց եւ միտումնավոր, գիտակցաբար երկիրը տարավ պարտության, որպեսզի գա այս պայծառ ներկան, երբ մենք ոչ մեկից ոչ մի կախում չունենք: Վարչապետի այս բովանդակությամբ գրառումներն ու հայտարարությունները յուրահատուկ շնորհակալական ուղերձ են Ալիեւին եւ Էրդողանին՝ իր՝ Փաշինյանի օգնությամբ, մեզ հաղթելու ու նվաստացնելու համար, որովհետեւ հենց դա՛ դուռ բացեց մեր ինքնիշխանության համար:

Իրականում, իհարկե, պնդումը, թե իբր պարտությունը դարձնում է երկիրը հզոր ու ինքնիշխան, հակասում է թե՛ տրամաբանությանը, թե՛ պատմական փորձին: Դրանք հուշում են ճիշտ հակառակը՝ ով քեզ հաղթել է, հենց նրանից էլ կախված ես լինում, որովհետեւ նա՛ է քեզ թելադրում քո գոյատեւման պայմանները: Ինչը եւ տեղի է ունենում այսօր՝ «իրական Հայաստանի» հետ:

…Եվ դեռ բռնում են մի կնոջ, որն Ադրբեջանի օգտին լրտեսություն է անում: Փոխանակ շնորհակալություն հայտնեն մեզ «Ռուսաստանից ազատագրողի» օգտին լրտեսություն անողին:

 

Արամ Աբրահամյան

Լուսանկարը՝ «Ազգային ճակատի» տելեգրամյան ալիքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930