Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս առցանց տեղեկատվություն ստանալու հնարավորություն տալ

Սեպտեմբեր 03,2025 13:04

Գործադիրն առաջարկում է տեղեկատվական շտեմարանները դարձնել հասանելի, որպեսզի անշարժ գույքի նկատմամբ գործարք կատարելիս հնարավոր լինի ստանալ առցանց հասանելի տեղեկատվություն:

Ընդունված իրավակարգավորումներով մեր երկրում անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու գործընթացն ամբողջությամբ պետք է թվայնացվի: Նորմը գրեթե մեկ տարի է գործում է, սակայն դատական մարմիններին վերաբերող հատվածում բաց կար: Նախագծով դատական մարմիններում որեւէ գույքի, անշարժ գույքի կամ գործողության վերաբերյալ որոշումները եւս պետք է ներկայացվեն Կադաստրի կոմիտեում ներդրված համակարգ՝ մինչ դատական մարմինները եւս կունենան իրենց թվային համակարգերը:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հարցը քննարկման ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

«Ստեղծենք հնարավորություն Կադաստրի կոմիտեի տեղեկատվական շտեմարանները վարել առժամանակյա, եւ յուրաքանչյուր դեպքում, երբ դիմումի հիման վրա քաղաքացիներին կտրամադրենք որեւէ տեղեկատվություն, հնարավորություն ունենանք այդ պահին առկա բոլոր տեղեկատվական ճանապարհներով ստացած որոշումներն արտացոլել միասնական տեղեկանքներում կամ այլ տեղեկատվական մատյաններում»,- նշել է Սուրեն Թովմասյանը:

Օրենսդրական փաթեթով ակնկալվում է ապահովել որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել դատական մարմինների համակարգերի փոխգործելիությանը, սահմանափակումները հանելու գործիքակազմի կիրառմանը, թվային միջավայրում առաջացող հնարավոր խնդիրներին, քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ինքնակամ կառույցների օրինականացմանը, քաղաքացուն շինթույլտվություններ տրամադրելու գործընթացին եւ այլ հարցերի:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել