«Իր մանկության երազանքը կփշրվի՝ բյուրեղյա ապակու նման։ Ես համոզված եմ, որ ինքն ու իր վայ քաղաքական թիմն են հայտնվելու ոչ միայն աղբանոցում, այլ ՔԿՀ-ներում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2026 թվականի ընտրություններում ժողովուրդը ընդդիմադիրներին ուղարկելու է քաղաքական աղբանոց։
Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղության մասին հարցերին էլ, Արծվիկ Մինասյանն ասաց․ «Հիմա Նիկոլ Փաշինյանը կամ ՔՊ-ական ցանկացած անդամ կարող են կանգնել ու ասել՝ տեսեք՝ Արցախում ինչ խաղաղություն է, ոչ սպանություն կա, ոչ կրակոցներ կան, խաղաղություն է, չէ՞, բայց հայություն չկա»։
Արծվիկ Մինասյանի հավաստիացմամբ՝ այսօր ամենաշատ խաղաղություն ուզողը ազգային ընդդիմադիր հատվածն է, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի ազգի հարգանքի, ազգի իրավունքի վրա, ոչ թե օրվա իշխանությունների ցանկությունների ու հայտարարությունների։
Իր դիտարկմամբ՝ արդեն չորս տարի ամենօրյա ռեժիմով իշխանություններին դիմադրություն է ցուցաբերվում ու դա բնականաբար արդյունք տվել է․ «Այս ամենը Նիկոլ Փաշինյանի եւ օրվա իշխանությունների դավաճանական քայլերի հետեւանքն է, որ խոստանում են մի բան, փաստի առաջ են կանգնեցնում ու անում այլ բան։ Այսօր ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է սրանց»։
Կարդացեք նաև
Հարցին՝ միջազգային կառույցներից ազդակներ ստացե՞լ են, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո կկանգնեն արցախահայերի իրավունքների իրացման հարցին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ նման մարդիկ, անհատներն ու կառույցները բազմաթիվ են․ այդ տեղեկություններն իրենց փոխանցվել են Հայ դատի գրասենյակների միջոցով։
Ինչ վերաբերվում է երեկվա հանրահավաքի սակավամարդությանը, Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ մարդիկ, ովքեր համամիտ են հանրահավաքում հնչած մտքերի հետ, անհամեմատ ավելին են եւ պատեհ պահի կկանգնեն հրապարակում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ