Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք իրավունք չունեն ձեւափոխել հուշարձանը, նույն ձեւով պետք է վերականգնեն, որովհետեւ այս աղմուկը դարձավ քաղաքական հարց»․ Սաշուր Քալաշյան

Սեպտեմբեր 03,2025 15:07

«Առավոտի» զրուցակիցն է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

-Պարոն Քալաշյան, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում տեղի ունեցող շինարարական աշխատանքները մտահոգություն են առաջացրել հանրության մոտ։ Գիտենք, որ հուշահամալիրի վերանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Դուք եք, ի՞նչ խնդիր եք արձանագրել, Ձեզ գոհացնո՞ւմ են կատարվող աշխատանքները։

-Ոչ, մեզ էլ չեն գոհացնում այդ աշխատանքները։ Այն ձեւը, որով իրենք այդ շինարարությունն են իրականացնում, դա հուշարձանի հետ տարվող աշխատանք չէ։ Հռեկոպալ քանդուքարափ են անում։ Բացի դրանից, չեն էլ ցանկապատել, որ մարդ չտեսնի ու աղմուկ չհանի։ Մենք կտեսնեինք, մենք հարցը կփակեինք, բայց հիմա արդեն այնպիսի վիճակ է ստեղծվել, որ ոնց որ արդեն մենք էլ ենք մեղավոր։ Բայց դա շատ կարճ ժամանակահատվածում է արվել, եւ մենք այնտեղ ներկա էլ չենք եղել։ Մենք ուղղակի նախապես ասել ենք, թե ինչ պիտի անեն, ինչքանը պիտի քանդեն, բացեն ու տեսնեն, թե տակը ինչ է։ Մենք չենք ասել՝ ամբողջ քանդեք, ասել ենք՝ մեկ հատ բուրգից սկսեք, այն խնդիրը, որը մենք դրել ենք, տեսնենք՝ լուծվո՞ղ է, թե՞ լուծվող չէ, որովհետեւ այնտեղ տեխնիկական բարդություններ կան ջրամեկուսացման հետ կապված։ Իսկ իրենք բռնել աջ ու ձախ քանդել են, աղբավայր են դարձրել։

Դուք խոսե՞լ եք շինարարի հետ, ինչո՞ւ են այդպես քանդել, ի՞նչ են հիմնավորում։

-Մենք խոսել ենք, հանդիպել ենք, մեր դժգոհությունն ենք հայտնել։ Շինարարն էլ արդարանում է, թե՝ ես հեսա կբերեմ, կփոխեմ։ Դա պիտի շուտ անեիր, պիտի ղալմաղալ բարձրանար, որ նոր հասկանայի՞ր, որ պիտի անես այդ ամենը։ Այդ բոլորը քո պարտականությունն էր։

-Բայց կառավարությունն է հիմնական պատասխանատուն այս իրավիճակում, քանի որ պատշաճ չեն վերահսկում այդ աշխատանքները կամ գուցե ոչ մասնագիտական կառույցի՞ է վստահվել այդ կարեւոր օբյեկտի վերանորոգումը։

-Դե հա, նոր է սկսել, այնպես չէ, որ վաղուցվա սկսած է։ Երկար ժամանակ այնտեղ գործ չէին անում, էս վերջին մեկ շաբաթվա մեջ բռնեցին քանդեցին՝ առանց մասնագետների հետ խորհրդակցելու։

-Իսկ այս շինաշխատանքները ի՞նչ վտանգ են պարունակում հուշահամալիրի համար, ռիսկ կա՞, որ գուցե հուշարձանի տեսքը կխաթարվի։

-Չէ, խաթարվելու հարց չէ, բոլորը վերականգնվող է, խնդիր չէ։ Մենք ինքներս էինք եզրակացություն տվել, որ պետք է քանդվի, բայց քանդելու ձեւ կա։ Մենք ցուցում էինք տվել ոչ թե քանդել, այլ ապամոնտաժել՝ քարերը զգուշությամբ հանել ու շարել։ Իսկ իրենք ասում են, թե՝ չէին հանվում, բռնեցինք ջարդեցինք։ Բա մի հատ մեզ զգուշացնեիք, որ չեն հանվում։ Իրավունք չունեն ձեւափոխել հուշարձանը, նույն ձեւով պետք է վերականգնեն, որովհետեւ այս աղմուկը դարձավ արդեն քաղաքական հարց։

-Մարդիկ մտահոգված են, քանի որ կասկածներ կան, որ հուշարձանի տեսքը խաթարելու ճանապարհով նաեւ դրա նշանակությունն են փորձելու փոխել այս իշխանությունները։

– Չէ, չեմ կարծում, այդպիսի որեւէ ցանկություն կամ մարդ ես չգիտեմ։ Այստեղ պարզապես շինարարի ընտրությունն է։ Մրցույթ են հայտարարել, չգիտես ինչու՝ սրան են ընտրել՝ բացատրելով, որ ուրիշ մասնագետ չկար։ Չկան ո՞րն է, նորմալ մասնագետների հանձնարարեիք։

-Դե գուցե դիտավորությո՞ւն կա, որ մասնագետներին չեն վստահել, այլ հենց այդ ընկերությանն են ընտրել։

-Այդ գործով պետք է հուշարձանագետները զբաղվեին, այն մարդիկ, ովքեր եկեղեցի են վերականգնում։ Այս մարդիկ հասկանո՞ւմ են, թե եկեղեցի վերականգնելն ինչ է, սրանք միայն ջարդել գիտեն։

-Մասնագիտական ի՞նչ լուծում եք դուք առաջարկում։

-Այսօր հավաքվում ենք նախարարությունում՝ այդ հարցը քննարկելու։ Նախարարությունում մասնագիտական հանձնաժողով կա, հավաքվելու ենք, մի հատ տեսնենք՝ այս եղած վիճակը ոնց կարելի է ուղղել, եւ ուղղելու համար ի՞նչ է պետք։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930