Լրահոս
Արդեն 32 տարի
Օրվա լրահոսը

«Հայաստանում քանի՞ հոգի է հերքել Հայոց ցեղասպանությունը, քանի՞ հոգի է ասել՝ ցեղասպանություն տեղի չի ունեցել»․ Արփի Դավոյանն ու Արծվիկ Մինասյանը լեզվակռիվ արեցին

Սեպտեմբեր 03,2025 15:53

«Երբ Հայոց ցեղասպանությունը առանձնացնում եք այլ ցեղասպանություններից, թուրքական պրոպագանդային ջուր չե՞ք լցնում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց հանձնաժողովի ՔՊ-ական ղեկավար Վլադիմիր Վարդանյանը՝ Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ։ Այն վերաբերվում է 136 հոդվածին։ Խոսքը հայոց ցեղասպանությունը նսեմացնելուն կամ ժխտելուն է վերաբերվում։

Վլադիմիր Վարդանյան

«Մենք ոչ թե առանձնացրել ենք, այլ հստակեցրել ենք։ Ադրբեջանցիք, որ ամեն ինչ ճնշման միջոցով կորզում են, վաղը որ մեկը դիմեց՝ ասաց՝ Խոջալուի հերքման համար պիտի պատասխանատվության ենթարկեք, դուք հայտնվելո՞ւ եք մի վիճակում, որովհետեւ պիտի ապացուցեք, որ դա ցեղասպանություն չէ»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ ՀՀ օրենսդրության անհստակությունը նաեւ միջազգային հարթակում է ՀՀ-ին խոցելի դարձնում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է նման վերախմբագրում՝ պատժի խստացմամբ, քանի որ հայ ժողովուրդը երկրորդ անգամն է կանգնել խնդրի առջեւ՝ արցախցիների բռնի տեղահանմամբ․ «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայաստանի հանրապետության կողմից կամ միջազգայնորեն ճանաչված ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, մեղմացնելը, հավանության տալը, արդարացնելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելըպատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Նաեւ՝ սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով եւ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ հինգ տարի ժամկետով»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Հայաստանում քանի՞ հոգի է հերքել Հայոց ցեղասպանությունը, քանի՞ հոգի է ասել՝ ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Ես նման մարդ չգիտեմ։ Չգիտեմ նաեւ մարդ, որը նսեմացրել է»,-ՔՊ-ական Արփի Դավոյանը հետաքրքրվեց՝ ակնարկներ հնչեցնելով ապօրինի գույքի մասին։

Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ հարցնելով՝ ցեղասպանությունը նսեմացնելու փորձ չէ՞ ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելը, երբ ինչ-որ մեկը հայտարարում է, որ այն՝ ինչ տեղի է ունեցել մեզ հետ 1915-ին պետք է հասկանանք՝ ի՞նչ է եղել, ինչո՞ւ է եղել։ Պատգամավորների լեզվակռվին միջամտեց նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը՝ հորդորելով չանձնավորել եւ տարակուսելով Արփի Դավոյանի ակնարկին՝ ապօրինի գույքի վերաբերյալ։

Վլադիմիր Վարդանյանը նաեւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ 30 տարի, երբ ՀՅԴ-ն իշխանության էր, Արծվիկ Մինասյանը նման նախագիծ չէր ներկայացնում։ Արծվիկ Մինասյանն էլ հիշեցրեց՝ իրենք այս հարցում միշտ են հետեւողական եղել եւ այն, որ նախկինում նման նախագծերը չեն ընդունվել, հետեւանք է նրա, որ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություններ են հնչում։

Մանրամասները՝ տեսանյութում

Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ իրեն մտահոգում է ՔՊ-ական պատգամավորների մոտեցումը, որ արհեստական բաներ են փորձում գտնել, որպեսզի նախագիծը մերժեն․ «Պարզ է, որ կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, իսկ ինչպես պարզվեց՝ կառավարությունը Նիկոլ Փաշինյանն է, դուք հիմա պիտի մերժեք»։

Իր հարակից զեկույցի ժամանակ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց՝ Հայոց ցեղասպանությունը ոչ ոք չի հերքել, չի հերքում եւ չի հերքելու, քանի որ այն մեր կոլեկտիվ հիշողության մաս է ու նախատեց Արծվիկ Մինասյանին՝ մի քննարկում անելու համար, որտեղ չորս անգամ Խոջալուն է հիշատակվում, խորհուրդ տվեց այնպիսի ձեւակերպումներ եւ մտքեր արտահայտել, որ մանիպուլյացիաներից խուսափեն։ Հիշեցրեց, որ առկա կանոնակարգումները նոր չեն, դրանք նախկինից փոխառված են բառացի եւ ըստ այդմ, Հայոց ցեղասպանությունը քրեականացված է, իսկ մնացյալը՝ էմոցիոնալ դաշտից է, քանի որ չենք կարող հերքման համար ավելի մեծ պատիժ նշանակել, քան ցեղասպանության իրականացման համար։

Նա նաեւ նախատեց Արծվիկ Մինասյանին, որ երեկ շվեդ գործընկերներին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցելիս «Հայաստան» դաշինքից որեւէ մեկը չէր մասնակցում։ Նա հիշատակեց նաեւ Դողու Փերինչեքի գործը, որում ՀՀ-ն երրորդ կողմ չէր ներգրավվել այնքան ժամանակ, քանի դեռ հօգուտ թուրք գործչի որոշումներ չէին կայացվել։ Իսկ ինչո՞վ ավարտվեց այդ գործը՝ Ամալ Քլունիի ներգրավումից հետո, հայտնի էլ չէ։ Իր գնահատմամբ, եթե հիմա այս նախագիծն ընդունվի, ստացվում է, որ վերջին 30 տարում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացված չի եղել, իսկ եթե եղել է՝ հարցնում է՝ ինչո՞ւ ենք բերում նման նախագիծ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930