Սեպտեմբերի 2-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում, Հայաստանը ներկայացրել է AI կրթության իր ազգային մոդելը։ Երկրորդ տարին անընդմեջ «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառմանը հայկական պատվիրակությունը հրավիրվում է կիսելու «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիր փորձառությունը։
Թվային ուսուցման շուրջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր հավաքն այս տարի անցնում է «Արհեստական բանականությունը և կրթության ապագան. առաջընթացներ, դիլեմաներ և ուղղություններ» խորագրով՝ ուսումնասիրելով՝ ինչպես է ԱԲ-ն վերափոխում ուսումնական ծրագրերը և համակարգերը, և վեր հանելով կրթության մեջ հավասարության, էթիկայի և մարդկային դերի շուրջ հրատապ հարցերը։
Հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մասնակցել է ԱԲ կրթության ազգային ռազմավարությունների շուրջ սեպտեմբերի 2-ին կայացած միջնախարարական հանդիպմանը։
«Արհեստական բանականության խորացված կրթությունը դառնում է ուսումնական ծրագրի բաղադրիչ՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով հայաստանյան աշակերտների համար՝ լինելու ոչ միայն տեխնոլոգիաների օգտագործողներ, այլև ստեղծողներ ու նորարարներ ԱԲ ոլորտում»,- նշել է նախարարի տեղակալը։
Կարդացեք նաև
Հաջորդիվ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Սյուզաննա Շամախյանը ներկայացրել է 2023-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող «ԱԲ սերունդ» ծրագրի փորձը։
Ուշադրության են արժանացել ազգային մակարդակում փորձարկվող այս ծրագրի աշխարհագրական լայն ընդգրկումը, անվճար հասանելիությունը և աղջիկների ներգրավվածությունը, ավագ դպրոցներում խորացված ԱԲ-ի՝ որպես առարկայի ներդրման փորձը, ինչպես նաև ինքնին ծրագիրը՝ որպես մասնավոր-պետություն գործակցությամբ և սփյուռքի աջակցությամբ ստեղծված մոդել։
««ԱԲ սերունդ»-ը խորքային AI կրթության մասին ծրագիր է, որը մշտապես համադրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կրթական չափանիշներին՝ կենտրոնական տեղ տալով կրթակարգին, մեթոդաբանությանը և ուսուցիչների հետևողական աշխատանքին։
Ծրագրի առանցքում գտնվում է հասանելիությունը՝ թե՛ ֆիզիկական, թե՛ սոցիալ-տնտեսական տարբեր խմբերի համար։ Միաժամանակ, ծրագրում հաջողությամբ սովորելը պահանջում է մաթեմատիկական հիմքեր։ Փորձը վկայում է, որ նախնական գիտելիքը՝ զուգորդված բարձր մոտիվացիայի հետ, հնարավորություն են տալիս աշակերտներին արդյունավետ ներգրավվել խորացված կրթության մակարդակում»,- ընդգծել է Սյուզաննա Շամախյանը։
Մի քանի օր առաջ՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից «ԱԲ սերունդ» ծրագիրն ընդլայնվեց ՀՀ բոլոր մարզերում՝ դարձնելով Հայաստանն աշխարհի առաջին երկրներից մեկը, որ ԱԲ կրթությունը ներդնում են դպրոցական մակարդակում։
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ութ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 30 ծրագիր՝ հասնելով ավելի քան 24 000 շահառուի։
«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը FAST-ի համանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որը կոչված է ձեւավորելու ոլորտում ապագա նորարարի կրթական ողջ ուղին՝ ավագ դպրոցից մինչեւ դոկտորական մակարդակ: