Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության կողմից հայցերը հետ վերցնելը չի ազդի անհատական գանգատների վրա, մենք ամեն օր այդ գանգատների վրա աշխատում ենք»․ Արա Ղազարյան

Սեպտեմբեր 03,2025 16:52

Եթե Հայաստանի կառավարությունը միջազգային դատական ատյաններից հետ վերցնի հայցերն ընդդեմ Ադրբեջանի, դա չի ազդի անհատական գանգատների վրա։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։ «Անհատական գանգատներն ընդհանրապես կապ չունեն հանրային իշխանության հետ, պետության կողմից հայցերը հետ վերցնելը չի ազդի անհատական գանգատների վրա։ Կոնկրետ մեր աշխատանքային խումբն ամեն օր այդ գանգատների վրա աշխատում է»,- նշեց Ղազարյանը։

Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված համաձայնագրում կա դրույթ, ըստ որի՝ «Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հետ կկանչեն, կչեղարկեն կամ այլ կերպ կլուծեն որևէ իրավական հարթակում ներկայացված ցանկացած և բոլոր միջպետական ​​հայցերը, գանգատները, բողոքները, առարկությունները, վարույթները և վեճերը, որոնք վերաբերում են մինչև սույն Համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև առկա խնդիրներին, և չեն նախաձեռնի այդպիսի հայցեր, գանգատներ, բողոքներ, առարկություններ, վարույթներ և որևէ կերպ չեն ներգրավվի որևէ երրորդ կողմի կողմից մյուս կողմի դեմ ներկայացվող գանգատներում, բողոքներում, առարկություններում, վարույթներում։ Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով»։

Բացի միջպետական հայցերից, Արցախից բռնի տեղահանված անձինք փաստաբանների օգնությամբ նաեւ անհատական գանգատներ են ներկայացնում միջազգային դատական ատյաններ՝ հիմքում դնելով իրենց սեփականության իրավունքի խախտման հարցերը։ Հարցին՝ անհատական գանգատների միջոցով հնարավո՞ր է իրացնել մարդկանց հավաքական իրավունքը, Ղազարյանը պատասխանեց՝ ոչ, քանի որ շատ մեծ ռեսուրս է պետք, որպեսզի 100 հազարից ավելի դիմում ուղարկվի։ Բայց միաժամանակ նշեց, որ նման դեպքերում նույնիսկ մեկ վճիռը կարող է ուղեցույցային լինել բոլորի համար։ «Ենթադրենք՝ Ադրբեջանը տարիների ընթացքում չի ստեղծում ռեպարացիոն մարմին, եւ մեր իշխանությունները շահագրգռված չեն, բայց եթե, օրինակ, 4-5 տարի հետո Եվրոպական դատարանը մեկ գործով վճիռ կայացնի, որում նաեւ նշի, որ Ադրբեջանը չի ստեղծել ռեպարացիոն մարմին, դա խախտում է անձի գույքային իրավունքները, դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է այդ ռեպարացիոն մարմինը ստեղծի, ինչպես Թուրքիան դա արեց Հյուսիսային Կիպրոսում»,- նշեց նա։

Հարցին՝ տեսնելով, որ պետությունը նման քաղաքականություն է վարում եւ մտադիր է հայցերը հետ վերցնել, անհատական գանգատների հարցով ակտիվություն կա՞ վերջին շրջանում, Արա Ղազարյանը պատասխանեց․ «Այո, կա ակտիվություն։ Կոնկրետ ես կարող եմ մեր խմբի մասին խոսել, միշտ էլ նույն ակտիվությամբ ենք աշխատել որովհետեւ այս խոսակցություններն արդեն մոտ երկու տարի է՝ պտտվում են, որ հայցերը հետ են վերցնելու։ Գնալով անհատական գանգատներ ներկայացնելու ժամկետն արդեն նվազում է, եւ այստեղ է, որ պետք է ակտիվությունը մի քիչ մեծացնել»։

Անդրադառնալով անհատական գանգատների բովանդակությանը՝ Արա Ղազարյանն ասաց, որ հիմնականը գույքային իրավունքն է, որը բաժանվում է մի քանի խմբերի՝ գույքը, որն առկա է, գույքը, որը քանդվել կամ թալանվել է, պատմամշակութային օբյեկտները, կրթական օջախները։ «Բայց դրա համար ահռելի ռեսուրսներ են պետք, մենք մեր ռեսուրսներով ենք անում՝ տարբեր տեղերից փոքր ռեսուրսներ հայթայթելով։ Բայց բոլոր դեպքերում այդ խմբերը որեւէ կապ չունեն հանրային իշխանության հետ»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930