Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը մտահոգված է նրանից, ինչ տեսել է մի քանի օր առաջ Չինաստանում. Գեորգ Պողոսյան

Սեպտեմբեր 03,2025 17:12

Սեպտեմբերի 9-12-ը Բիշքեկում կկայանա Եվրասիական վերլուծական համաժողովը։ Ինչպե՞ս է խոշոր վերլուծական համաժողովների անցկացումն ազդում ԵԱՏՄ երկրների կրթության եւ այլ ոլորտների վրա։ Այս եւ այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնի միացմամբ՝ Մոսկվա-Երեւան-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում ՌԴ ԳԱ հասարակական գիտությունների վերաբերյալ գիտական տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Կուզնեցովը նշեց, որ աշխարհում վերջին տարիներին ընդգծվում է հատկապես այն երկրների դերակատարությունը, որոնք ինչ-որ բան են առաջարկում ուրիշներին: «Ռուսաստանն իր տարբերություն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի՝ չի ձգտում բազմաբեւեռ եւ երկբեւեռ աշխարհում լինել գլխավորը, մեզ լրիվ բավարարում է, որ Չինաստանը դիրքային բարձրացման է ձգտում, ընդգծում է իր դերակատարությունն ինչպես տնտեսապես զարգացած, այնպես էլ մարդկային ռեսուրսների առումով՝ որպես հզոր, քաղաքակրթական պետություն: Բայց մյուս կողմից՝ կա վտանգ, որ հանկարծ աշխարհը չդառնա չինաստանակենտրոն»,-ասաց նա:

Ակադեմիկոս, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը (լուսանկարում.-խմբ.) ի թիվս այլնի, անդրադարձավ երիտասարդության թեմային, ասաց, որ այսօր գործ ունենք բոլորովին այլ երիտասարդության եւ սերնդի հետ. «Այսօրվա երիտասարդները մարդիկ են, որոնք կրթություն են ստացել ո՛չ խորհրդային դպրոցում, ապրել են ոչ Խորհրդային Միությունում, նրանք հիմնականում արեւմտամետ են՝ ըստ ուսումնասիրությունների արդյունքների: Այնպես որ մեծ աշխատանք է սպասվում վերլուծաբաններին, տնտեսագետներին, քաղաքագետներին: Լրիվ նոր բովանդակություն է՝ վերլուծական միջավայրում: Նոր միջավայր է ծնվում, որը մենք անվանում ենք մեդիասոցիում: Խոսքը թվային միջավայրի, թվային ակտիվության մասին է»:

Գեւորգ Պողոսյանը վերջին զարգացումներին էլ անդրադարձավ. «ԵԱՏՄ-ն իր ծանր ժամանակներն է ապրում, որոշակի դանդաղում եմ նկատում հարաբերությունների առումով: ՌԴ-ն իբրեւ ԵԱՏՄ լոկոմոտիվ՝ զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով… Մյուս կողմից, բացի մի շարք ռիսկերից՝ կան նաեւ դրական կողմեր. ամեն դեպքում այս բարդ, ռազմականացված միջավայրում ԵԱՏՄ-ն ապացուցեց իր դիմացկունությունը եւ բարդ իրավիճակներում փոխշահավետ ելքեր գտնելու ունակությունը: Ռուսաստանը գտնվելով ծանր պատժամիջոցների տակ՝ ԵԱՏՄ երկրների հետ միասին գտավ այդ պատժամիջոցները շրջանցելու ձեւեր: Իհարկե, Հայաստանն այս պլանում տնտեսապես շահեց՝ մեծացնելով ապրանքաշրջանառությունը:

Ի դեպ, Եվրոպան եւս շատ լուրջ տնտեսական դժվարություններ է ապրում՝ կապիտալի դուրս բերում, ռազմական ծախսերի մեծացնում՝ սոցիալական ծրագրերը կրճատելու հաշվին: Իսկ, ԵԱՏՄ-ն, ինչպես նշեցի, արդեն փաստել է իր դիմացկունությունն ու կայունությունը, եւ վերլուծաբաններին , եւ մեզանից շատերին ցույց տվել, որ փոխազդեցության ճկուն համակարգը՝ եւ տնտեսական, եւ քաղաքական դաշտում տալիս է իր արդյունքները:

Լինելով ծանր պատժամիջոցների տակ՝ աշխարհաքաղաքական իմաստով Ռուսաստանը փոխեց իր հայացքը Արևմուտքից դեպի Արևելք: Ակնհայտ է, որ Արեւմուտքը չէր ցանկանում դա, ու այժմ մտահոգված է նրանից, ինչ տեսավ մի քանի օր առաջ Չինաստանում, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը լրիվ նոր բեւեռ են ձեւավորում: Մի խոսքով՝ արեւմտակենտրոն աշխարհն այժմ շփոթության մեջ է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930