«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
«Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարը Ադրբեջանում համազգային գաղափար է, մեր հայրենակիցների միջազգային իրավունքներին համահունչ պահանջ և ոչ միայն Ադրբեջանի, այլև հայ ժողովրդի շահերին համապատասխանող հարց։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։
Սա երեկ հայտարարել է «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անվանումը կրող համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է։ Մինչդեռ ՀՀ իշխանական քարոզչամեքենան փորձում է հայ հասարակությանը համոզել՝ կեղծ լուրեր տարածելով, թե իբր Ադրբեջանը հրաժարվել է իր զավթողական ծրագրերից։ Սակայն ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ շարունակում են անթաքույց բարձրաձայնել այդ ծրագրերը, որոնց չտեսնելը, չգիտակցելը և ժամանակին չկանխելը լուրջ ռիսկեր է պարունակում։