«Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը (լուսանկարում) «Հայելի» ակումբում մանրամասներ պատմեց կառավարությունում անհետ կորած զինծառայողների, բռնի առեւանգվածների, գերեվարվածների ծնողների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից:
«Օգոստոսի 30-ը անհետ կորածների միջազգային օրն էր: Անհետ կորածների հարազատները օրվա խորհրդով միջոցառում էին կազմակերպել: Հրավիրված էին 28 միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ մենք: Մեր շարժման եւ կուսակցության անդամներով մասնակցեցինք: Իսկ երեկ անհետ կորածների ծնողները խորհրդակցություն-հանդիպում ունեցան գեներալ Արշակ Կարապետյանի հետ: Այդ հանդիպումները միշտ էլ ծանր են: Իսկ երեկ, երբ մարդիկ իրենց երեխաների պատմություններն էին ներկայացնում, գեներալը խոստովանեց, որ դա իր համար մինչ այժմ եղած ամենածանր հանդիպում-խորհրդակցությունն էր:
Օգոստոսի 23-ին անհետ կորածների ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանին: Պարզվում է՝ Արցախը հանձնած, հարյուրավոր անհետ կորածների հարցը չլուծած, մեր ռազմագերիներին Բաքվի բանտում պահող Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չսովորեց, թե զավակ կորցրած ծնողին ինչպես պետք է ընդունել, զավակ կորցրած ծնողի հետ ինչպես պետք է խոսել: Եթե մենք տեսնում էինք, որ Նիկոլ Փաշինյանի տիրապետության տակ գտնվող ոստիկանական խումբը քարշ էր տալիս զոհվածների ծնողներին Եռաբլուրում, շատ պարզ երեւում է, որ ով ասում է՝ կառավարությունը ես եմ, հենց նրա կողմից իջեցված առաջադրանք էր:
Ինչո՞ւ եմ այսպես ասում: Անհետ կորածների ծնողներին, որոնք հինգ տարի ամեն օր իրենց տան դռան փականը բաց քնում են՝ սպասելով իրենց զավակներին, Նիկոլ Փաշինյանը հանկարծ որոշում է, որ մի անգամ էլ պիտի հանդիպի՝ ինչ-որ բան ասելու, այդ մարդկանց ինչ-որ հույս տալու: Բայց պարզվում է, որ նա բղավում է ծնողներից մեկի, թե երկուսի վրա, ասում, որ ինքը երկրի առաջին դեմքն է, իր հետ «դու»-ով են խոսում: «Գնացեք, կրթվեք, հետո եկեք իմ հետ հանդիպելու, խոսելու»,-բղավել է նա: Ծնողները հուզված, լացակումած պատմում են, որ ձեռքը խփել է սեղանին եւ ծնողներից մեկ-երկուսը լքել են այդ հանդիպումն ու դուրս եկել:
Կարդացեք նաև
Այս ամենն ինձ պատմել են ծնողները: Մինչեւ երեկ անցել է 10 օր ու այդ մարդիկ չեն հանգստանում այդ հանդիպման տհաճությունից, իրենց նկատմամբ ցուցաբերված ոչ մարդկային վերաբերմունքից»,-պատմեց Ռուզան Ստեփանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ