Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն։
Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Արթուր Պապիկյանը։
Արթուր Պապիկյանը Գյումրու քաղաքապետարանում պաշտոնավարեց «Բալասանյան դաշինք»-ՔՊ համատեղ կառավարման ժամանակ, երբ քաղաքապետը Վարդգես Սամսոնյանն էր։
ՔՊ-ի՝ «Բալասանյան դաշինք»-ի համագործակցության հուշագրի խզումից հետո ինչպես քաղաքապետարանի մյուս ՔՊ-ական պաշտոնյաները, այնպես էլ Արթուր Պապիկյանը հրաժարվեց պաշտոնից՝ որոշ ժամանակ մնալով անգործ։
Կարդացեք նաև
Սարիկ Մինասյանի՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար նշանակվելուն պես՝ Արթուր Պապիկյանը զբաղեցրեց նրա խորհրդականի պաշտոնը։
Արթուր Պապիկյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ազգականն է, նա եղել է զինվորական․ 2002-2021 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարության Գյումրու ռազմական ավիացիայում, 2021 թվականից արձակվել է պահեստազոր, անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Նկատենք, որ մինչ Արթուր Պապիկյանը Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ներկայիս ղեկավար Սարիկ Մինասյանը։
Սարիկ Մինասյանի՝ պաշտոնից հրաժարվելուց հետո տևական ժամանակ այն թափուր էր․ տնօրենի պարտականությունները կատարում էր Վարուժան Ավետիքյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ