Չինաստանյան Թիենծինում անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը հիշեցնում է, որ Արեւմտյան Եվրոպան ձգողականության ուժի միակ կենտրոնը չէ այլեւս, իսկ Կովկասը ուժերի հավասարակշռման գործում առանցքային դեր կխաղա։ Սա ըստ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեյի։
Ամառային դադարից հետո ԵԽ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների առաջին ամենշաբաթյա հանդիպմանը գլխավոր քարտուղարը հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության հնարավորության մասին։
Հանդիպման ամփոփագրում ԵԽ-ի լրատվական ծառայությունից փոխանցում են․ «Գլխավոր քարտուղարը ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ընդունված վաշինգտոնյան հռչակագիրը՝ այն նկարագրելով որպես շրջադարձի հնարավոր կետ։ Դրա իրականացումը կարող է փոխակերպել տարածաշրջանը՝ հաշտեցման, կայունության եւ զարգացման միջոցով»։
«Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության, հիման վրա», – մասնավորապես շեշտել է Բերսեն։
Կարդացեք նաև
Պաշտոնյայի խոսքում անդրադարձ չկար, սակայն, թե ինչպես են Բաքվում հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի բանտարկումը, Արցախի հայաթափումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացիան եւ Ադրբեջանում այլախոհների դեմ քրեական հետապնդումները տեղավորվում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության արժեքների մեջ։
Նրա վստահեցմամբ՝ իր գլխավորած կառույցը կսատարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվելիք խաղաղությանը։
«Եվրոպական կարգի գոյութենական թեստ»
Ուկրաինայում պատերազմը Ալեն Բերսեն համարում է «եվրոպական կարգի գոյութենական թեստ»՝ ընդգծելով թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ Ուկրաինային աջակցելու հրամայականը։
Աջակցություն Պաղեստինի ճանաչմանը
Թեեւ Պաղեստինը ԵԽ գոտուց դուրս է գտնվում, գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ Գազայում իսրայելական ագրեսիային։ Նա արտահայտել է իր պաշտպանությունը Պաղեստինի Պետության միջազգային ճանաչմանը եւ դատապարտել Գազայում մարդկային տառապանքները, թեպետ անհասցե։
Ճգնաժամերը սահմանում են մեր ժամանակները
«Մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի խախտումները սահմաններ չեն ճանաչում», – ընդգծել է ազգությամբ շվեյցարացի գլխավոր քարտուղարը։
Այս եւ այլ ճգնաժամերը հաշվի առնելով՝ Բերսեն նկատել է․ «Այս ճգնաժամերը մեր ժամանակների սահմանումն են», ապա եզրափակել․ «Նրանք հիշեցնում են մեզ, թե ինչու մենք գոյություն ունենք։ Մեր ձայները պետք է հստակ լինեն, մեր կամքն՝ անսասան»։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ