Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կոչը
Խաղաղության գործընթացը լուսաբանելիս մասնագիտական պատասխանատվության պահպանման մասին
Սեպտեմբերի 3, 2025
Վաշինգտոնի համաձայնագրերի նշանակությունը
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների ստորագրած համաձայնագրերն առանցքային նշանակություն ունեն Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի համար։ Սակայն այդ փաստաթղթերի շուրջ դեռեւս կան բազմաթիվ հարցեր եւ մանրամասներ, որոնք մնում են ոչ ամբողջովին համաձայնեցված։
Առաջիկա ամիսները լինելու են ինտենսիվ բանակցություններով լեցուն, ուստի մեծ է նաեւ տեղեկատվական արտահոսքերի հավանականությունը։ Նման պայմաններում լրատվամիջոցների պատասխանատվությունը բազմապատկվում է, քանի որ նրանք ոչ միայն լուսաբանում են գործընթացը, այլեւ հանրային մթնոլորտ են ձեւավորում դրա շուրջ։
Կարդացեք նաև
Տեղեկատվության հուսալիության խնդիրը
Հայտնի է, որ լրագրողների ու լրատվամիջոցների հաղորդած յուրաքանչյուր սենսացիոն կամ չհաստատված տեղեկություն կարող է մեծ ազդեցություն ունենալ՝ դուրս գալով երկրի սահմաններից։ Բացահայտ նախադեպերից էր հուլիսի վերջին իսպանական Periodista Digital-ի հրապարակած հոդվածը, որտեղ ներկայացվում էին ենթադրյալ տվյալներ Սյունիքով անցնող երկաթուղու վերականգնման եւ կառավարման գործում ամերիկյան մասնավոր կազմակերպության մասնակցության վերաբերյալ։
Հոդվածում տեղ էին գտել չճշտված պնդումներ, թե իբր ճանապարհի անվտանգության ապահովման եւ եկամուտների բաշխման հարցում ներգրավվելու է օտարերկրյա մասնավոր ռազմական ընկերություն։ Սա կարող էր սկզբից եւեթ վարկաբեկել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման շուրջ պայմանավորվածությունները։ Այս դեպքը ցույց տվեց, որ ապագայում նույնպես հավանական են նմանատիպ տեղեկատվական «արտանետումներ»՝ հաշվի առնելով խաղաղության եւ կայունության ուղղությամբ սպասվող բարդ բանակցությունները։
Դիտորդ մարմնի խորհուրդները լրագրողական հանրությանը
Հաշվի առնելով վերոհիշյալ միտումները՝ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն անհրաժեշտ է համարում հանրությանը ներկայացնել իրավիճակի վերաբերյալ որոշ պատկերացումներ ու խորհուրդներ․
- Օգոստոսի 8-ի համաձայնագրերով սկսված գործընթացի ամեն մի մանրամասն հանրային շահի տեսանկյունից բացառիկ կարեւոր է, եւ ԶԼՄ-ների ուշադրությունը թեմային առնչվող յուրաքանչյուր տեղեկության նկատմամբ՝ արդարացված։ Այդուհանդերձ, բարեխիղճ լրագրության եւ լսարանի առջեւ ազնիվ լինելու սկզբունքները ենթադրում են այդ տեղեկության ստուգում, իսկ եթե հրապարակման պահին տեղեկատվության լիակատար հավաստիության ապահովումը հնարավոր չէ, ապա լսարանին պետք է զգուշացնել այդ մասին։
- Հաշվի առնելով, որ ժամանակակից տեղեկատվական միջավայրում անընդհատ կեղծ լուրեր եւ մոլորեցնող բովանդակություն տարածող ռեսուրսներ են ստեղծվում, լրատվամիջոցների մասնագիտական պարտականությունն է՝ աղբյուրների տարբերակումը, դրանց վստահելիության մակարդակի վերաբերյալ տվյալների մշակումը կամ հավաքումը։
Հարկ է, որ տարատեսակ աղբյուրներից ստացված տեղեկությունների տարածման նպատակահարմարության վերաբերյալ որոշումները հիմնված լինեն դրանց վստահելիության մասին ձեր ունեցած տվյալների վրա։
- Չհաստատված փաստեր (հատկապես՝ կասկածելի աղբյուրներից վերցված) հրապարակելիս, դրա մասին զգուշացնելուց զատ, խորհուրդ է տրվում նյութի մեջ ներառել այդ հարցերի առնչությամբ մեկ կամ մի քանի փորձագետների մեկնաբանությունները եւս՝ դրանով իսկ օգնելով, որ լսարանն ավելի լավ կողմնորոշվի, թե որքանով է իր ստացած տեղեկությունը վստահության արժանի։ Նման իրավիճակներում նպատակահարմար է նաեւ թեմայի վերաբերյալ այլ ԶԼՄ-ների հրապարակումներից ուշագրավ մեջբերումներ առաջարկել, եթե այդպիսիք լինեն։ Բոլոր այդ քայլերը թույլ կտան նվազեցնել բացասական հետեւանքներն այն դեպքերում, երբ ի վերջո կասկածներ ի հայտ գան տարածված փաստերի հավաստիության վերաբերյալ։
Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչներին կոչ ենք անում հանրային կարեւորություն ունեցող հարցերի բարեխիղճ լուսաբանման հարցերում առաջնորդվել Հայաստանի լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկայի Կանոնագրով, ինչպես նաեւ՝ Դիտորդ մարմնի կողմից մշակված ուղեցույցներով։
Դիտորդ մարմնի հորդորը պաշտոնական մարմիններին
Պաշտոնական տեղեկատվության պակասը, հետաձգումը կամ աղավաղումը նախկինում առաջացրել են լարումներ ինչպես հայաստանյան հանրության, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ։
Ընդսմին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը կոչ է անում ՀՀ պաշտոնական կառույցներին՝ հանրությանը հնարավորինս տեղեկացնել ոչ միայն օգոստոսի 8-ի համաձայնագրերի, այլ նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի այլ ուղղությունների վերաբերյալ պայմանավորվածությունների եւ դրանց կատարման ընթացքի մասին։