Լրահոս
Օրվա լրահոսը

Սկոթ Սեդրակյանը Սարոյանի աշխատանքը նվիրել է ակադեմիայի ծննդյան օրը. Աննա Ասատրյան

Սեպտեմբեր 03,2025 22:30

Մի քանի օր առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստին Քվինը տեսաուղերձում ազդարարեց սեպտեմբերի 5-11-ը կայանալիք Սարոյանական օրերի մասին: Դրանք իրականացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ Վիլյամ Սարոյան հիմնադրամի հետ, որը գործում է Սան Ֆրանցիսկոյում՝ Սկոթ Սեդրակյանի ղեկավարությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշեց, որ արվեստի ինստիտուտը Սեդրակյանի հետ ջերմ բարեկամություն ունի:

Նա հիշեցրեց, որ Արվեստի ինստիտուտը եւ «Վիլյամ Սարոյան» հիմնադրամը 2023-ին կազմակերպել էին «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտական կոնֆերանս, եւ հենց այդ ընթացքում Սեդրակյանը ինստիտուտին է նվիրել Վիլյամ Սարոյանի նկարչական աշխատանքներից մեկը:

Սարոյանը ականավոր գրող լինելուց զատ, նաեւ նկարել է, երգեր հորինել, ունի շատերի համար անհայտ նկարչական եւ երաժշտական ժառանգություն։

Աննա Ասատրյանը, Սկոթ Սեդրակյանը եւ Արարատ Սղասյանը

Տիկին Ասատրյանը նշեց, որ Սկոթ Սեդրակյանը Սարոյանի աշխատանքը, որը նա շոկոլադի թղթի վրա նկարել է 1964թ նոյեմբերի 10-ին, հենց նոյեմբերի 10-ին է նվիրել արվեստի ինստիտուտին, քանի որ նոյեմբերի 10-ը նաեւ Գիտությունների ակադեմիայի ծննդյան օրն է: 1943թ այդ օրն է հիմնադրվել գիտության կարեւոր հաստատությունը, իսկ հիմնադիր ակադեմիկոսներն են եղել Հովսեփ Օրբելին, Ստեփան Մալխասյանցը եւ Վիկտոր Համբարձումյանը։

Վիլյամ Սարոյանի աշխատանքը եւ հավաստագիրը

«Սարոյանական օրերի շրջանակներում տեղի կունենա նաեւ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանի «Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը եւ հայ բեմը» գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսնում մեր ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ եւ Վիլյամ Սարոյան հիմնադրամի ֆինանսավորմամբ»,-ասաց տիկին Ասատրյանը:

Հավելենք, որ սեպտեմբերի 5-ից Գրականության եւ արվեստի թանգարանում հնարավոր կլինի դիտել «Սարոյանական գույներ․ բառերից անդին» ցուցադրությունը, որը կներկայացնի Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները եւ նրա հեծանիվը։

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930