Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ոչ թե գիտական քննարկում է, այլ մշակութային ժառանգության ինքնության փոփոխման և հայկական ներկայության ժխտման ծրագիր»

Սեպտեմբեր 03,2025 23:20

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենի հայտարարությունների շուրջ

Ադրբեջանի hնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը վերջերս ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող հնագիտական աշխատանքներին և ուսումնասիրություններին:

Նշենք, որ նախկինում Ադրբեջանի գիտական համայնքը ծավալուն հարցազրույցներ և վերլուծություններ չի ներկայացրել Ղարաբաղում իրականացված հնագիտական աշխատանքների մասին: Եղած հրապարակումներն էլ ու հարցազրույցները եղել են կցկտուր:

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը հայտարարել է, որ հայկական կողմը Ղարաբաղում իրականացրել է համակարգված մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի թիրախ են դարձել ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները:

Ըստ Գուլիևի՝ հայկական կողմը նպատակուղղված կերպով ոչնչացրել է իսլամական շրջանի հուշարձանները, իսկ քրիստոնեականները՝ հայացրել:

Ադրբեջանական կողմի այս կեղծ հայտարարությունները նոր չեն և վերջին տարիներին անընդհատ կրկնվում են: Ուշագրավ է Ֆարհադ Գուլիևի այն միտքը, որ ադրբեջանական կողմը պետք է հասկանա, թե Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների վրա եղած հայերեն արձանագրություններից որոնք են կեղծ, որոնք են պատմական, որոնք են ուշ և օկուպացիոն շրջանի հավելում:

Նշվել է, որ ադրբեջանական գիտական համայնքի առաջնային խնդիր է դարձել քրիստոնեական ժառանգության ուսումնասիրությունը:

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ Ղարաբաղում հետազոտությունների առաջնային նպատակը հայկական օկուպացիայի շրջանում արված վնասների փաստագրումն է հայկական կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հետազոտությունները դատական հնագիտության մի մասն են և արվում են միջազգային գործընկերների հետ միասին:

Հաջորդ հայտարարությունները վերաբերում են հայկական կողմի աշխատանքներին:

Մեր արձագանքը

Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևի այս հայտարարությունները ոչ միայն ակնհայտ կեղծիք են, այլ նաև ուղիղ սպառնալիք հայ մշակութային ժառանգությանը․ դրանք վտանգում են հատկապես եկեղեցիների և այլ հուշարձանների վրա եղած հայերեն արձանագրությունները։ Նման ձևակերպումներով ադրբեջանական կողմը փորձում է «կեղծ» կամ «օկուպացիոն շրջանի հավելում» որակել հայ մշակութային ժառանգությունը, ինչով հող է նախապատրաստում դրանց ոչնչացման համար։

Սա ոչ թե գիտական քննարկում է, այլ մշակութային ժառանգության ինքնության փոփոխման և հայկական ներկայության ժխտման ծրագիր։ Ակնհայտ է, որ նման հայտարարությունները միտված են հայկական մշակութային ինքնությունը ժառանգությունից մաքրելու և այն ադրբեջանական կամ «ոչ հայկական» ինքնություն վերագրելուն։ Մինչդեռ միջազգային իրավունքի նորմերը և բազմաթիվ կոնվենցիաներ՝ այդ թվում Հաագայի և Ժնևի կոնվենցիաները, արգելում են մշակութային ժառանգության ինքնության փոփոխությունը, արձանագրությունների մաքրումը կամ ոչնչացումը։ Այսպիսով, Գուլիևի հայտարարությունները ոչ միայն քաղաքականացված և գիտական արժեքից զուրկ են, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտման բացահայտ օրինակներ են։

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930