Լրահոս
Օրվա լրահոսը

Իբր կարեւոր է, որ «միջանցք» բառը չլինի

Սեպտեմբեր 04,2025 10:00

Հիշո՞ւմ եք՝ ինչպես է վերջանում Ֆոլկների «Սարտորիս» վեպը: Սարտորիսների ամբողջ ցեղից մնում են երկու կանայք, մեկը՝ տարեց՝ միսս Ջեննին, մեկը՝ երիտասարդ՝ Նարցիսան ու վերջինիս նորածին երեխան: Եվ ահա Նարցիսան ասում է երեխայի մասին. «Նա ամենեւին էլ Ջոն չի, նա Բենբոու Սարտորիսն է»: Չի ուզում, որ իր որդին ունենա Սարտորիսների դժբախտ ճակատագիրը: Դրան միսս Ջեննին պատասխանում է. «Դու կարծում ես, դա կօգնի՞: Դու կարծում ես, որ որեւէ մեկին կարելի է փոխել՝ տալով նրան այլ անո՞ւն»:

Կարեւորը անունը չի, կարեւորն էությունն է: Օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հանդիպումներից հետո պաշտոնական քարոզչությունը հրճվում է՝ «Վերջ, միջանցքը թաղվեց, էլ ոչ մի միջանցք, «միջանցք» բառը հնարել են հայաստանյան ընդդիմադիրները»: Մինչդեռ Ալիեւն ու էրդողանն օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, եւ նույնիսկ Փաշինյանը Թիենծինում դրանից մի թեթեւ դժգոհեց:

Բայց մի՞թե դա տերմինաբանական վեճ է: Թող լինի «Թրամփի ուղի» կամ նույնիսկ «Մայր Թերեզայի ճեմուղի»: Դրանից էությունը չի փոխվում: Բեռները եւ քաղաքացիները ստուգվելո՞ւ են հայ մաքսավորների եւ սահմանապահների կողմից: Հայաստանի քաղաքացիները կարողանալո՞ւ են օգտվել այդ ճանապարհից՝ թեկուզ Հայաստանի տարածքում: Այդ ուղին չի՞ խոչընդոտելու Հյուսիս-Հարավ կոմունիկացիային: Ադրբեջանը «փոխադարձության սկզբունքով» մեզ տարանցիկ ճանապարհ տալո՞ւ է իր տարածքով դեպի Իրան եւ Ռուսաստան: Թե չէ՝ ի՞նչ «խաչմերուկ», եթե բացվելու է միայն մեկ ճանապարհ մեկ ուղղությամբ: Այդպիսի «խաչմերուկներ» չեն լինում:

Ենթադրում եմ, որ Փաշինյանն Ալիեւին խնդրել է մինչեւ իր վերարտադրվելը «տերմինների» հարցում զուսպ լինել, նաեւ քիչ սպառնալ, քիչ հոխորտալ՝ «տեսա՞ք, ինչ արինք այդ հայերին», «հեսա մերոնք կվերադառնան Արեւմտյան Ադրբեջան»: Ալիեւն իրոք շահագրգռված է Փաշինյանի վերարտադրության մեջ եւ չի էլ թաքցնում դա: Բայց քանի որ հաղթողը Ալիեւն է, իսկ պարտվողը Փաշինյանը, «տերմինաբանական» այդ խնդրանքները չեն հարգվում՝ Ալիեւի համար կարեւոր է իր քաղաքացիներին եւ միջազգային հանրության ցույց տալ, որ պայմաններ թելադրողն ինքն է:

Իսկ բառերի մասին վեճը պարզապես ուշադրություն շեղելու միջոց է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930