Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներ փակում են այն երկրներում, որտեղ իշխողները տվյալ երկրի թշնամին են: Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է. Ատոմ Մխիթարյան. «Փաստ»

Սեպտեմբեր 04,2025 10:28

Սեպտեմբերի 1-ի նախընթաց օրերին ամենից քննարկվող թեմաներից մեկը, թերևս, դարձավ դպրոցներում դասապրոցեսը ժամը 08։15-ին սկսելը։ Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն անկեղծանում է՝ մասնագետի համար այդ 15 րոպեն էական նշանակություն չպետք է ունենա։ «Հոգեբաններն ասում են՝ հետազոտություններ կան, որ շատ շուտ չպետք է սկսել դասերը, երեխաների ակտիվությունը սկսվում է ժամը իննից և այլն։ Հետազոտություններ, իհարկե, կան, բայց, իմ կարծիքով, միջին կամ ավագ դպրոցի կրթության որակի վրա դրանք էական ազդեցություն չպետք է ունենան։ Եվս մեկ նկատառում. ժամային գոտին, որտեղ հիմա գտնվում է Հայաստանը, 1 ժամ տարբերվում է իր իսկական ժամային գոտուց։ Մեկ ժամ պետք է հետ լինեինք, այսինքն՝ ամեն ինչ մեկ ժամ ավելի շուտ սկսեինք։ Մեր կյանքի ռիթմը, ըստ էության, մի քիչ դանդաղ է, որովհետև ամեն ինչ ուշ ենք սկսում։ Եվրոպական տարբեր երկրներում դասերը սկսվում են ժամը յոթին։ Մտածում եմ՝ ավելի ճիշտ է, եթե կյանքի ռիթմն, ընդհանուր առմամբ, մի քիչ փոխվի։ Բայց 15 րոպե շուտ սկսելու՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող հիմնավորումը չեմ ընդունում։ Եթե ամփոփ՝ գործընթացը ճիշտ կազմակերպելու խնդիր ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։

Շատ են մտահոգությունները նաև որոշ, օրինակ՝ «Հայոց լեզու» և «Գրականություն» առարկաների դասաժամերի կրճատման, «Պատմություն» առարկայի դասագրքերի՝ խիստ հակասական տեքստերի մասով։ Առհասարակ, դասագրքերի բովանդակային մասով դժգոհությունները շատ են։ Փորձագետը ևս հավաստում է՝ բողոքներ, իրոք, կան։ «Ինձ շատ են զանգահարում ուսուցիչները, որոնք հրապարակային չեն արտահայտվում այս թեմաների շուրջ։ Բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստացել։ Բովանդակության հետ կապված բոլոր նկատառումների հետ համաձայն եմ, դրանք կապված են նրա հետ, որ Հայաստանում դասագրքաստեղծման գործընթացին հատկացվող ժամանակը շատ կարճ է, և նույնիսկ լավագույն մասնագետները կարճ ժամանակում չեն կարող այնպիսի դասագիրք ստեղծել, որը կբավարարի մանկավարժների, մասնագետների գոնե կեսից շատին։ Դա է պատճառը, որ շատ դասագրքերում բազմաթիվ թերություններ, սխալներ կան։ Տարրական դասարանների դասագրքերի պարագայում շատերի բողոքները կապված են դիզայնի, նկարների, նկարագրությունների և մնացյալի հետ։ Այս հարցում ևս կարող եմ համաձայնել՝ հիշելով շրջանը, երբ ինքս առաջին անգամ դպրոց գնացի։ Ինչպիսի սրտի թրթիռով էինք մի քանի անգամ բացում «Այբբենարանը», նայում նկարները, դրանցից ազդվում։ Այդ ամենը նստվածք էր թողնում մեր ենթագիտակցության մեջ։ Համաձայն եմ, որ այստեղ անպայման պետք է հոգեբաններ էլ աշխատեն։ Ցավոք, հիմա խումբ են ստեղծում, դասագիրք գրում, այդ բաղադրիչը կարող են հաշվի չառնել։ Տեսեք՝ խորհրդային շրջանում տասը տարի էր պահանջվում, որ դասագիրքը դպրոց մտներ։ Մի 2 տարի մասնագետները մշակում էին, հետո դա փորձարկվում էր, հետո փոփոխություններ էին արվում, վերջում նոր միայն մասնագիտական խումբն այն երաշխավորում էր, որ կարողանային դրանով դասավանդել դպրոցներում։ Հիմա Հայաստանում այդ պրոցեսը կարող է տևել ընդամենը մի քանի ամիս, և օբյեկտիվորեն հասկանալի է, որ շատ դժվարություններ կարող են առաջանալ»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում ենք նաև այն հանգամանքը, որ անթույլատրելի է գյուղական համայնքներում դպրոցների փակումը, քանի որ դա կարող է նպաստել փոքր գյուղերից դեպի ավելի մեծ գյուղեր և քաղաքներ արտագաղթին։ «Դպրոց փակելն ամենամեծ հանցագործությունն է։ Դպրոցներ փակում են այն երկրներում, որտեղ իշխողները տվյալ երկրի թշնամին են։ Օրինակ՝ Հայաստանը տարբեր ժամանակահատվածներում գտնվել է կայսրությունների տիրապետության տակ, նրանք փակել են հայկական դպրոցները։ Բայց երբ սեփական իշխանությունը փակում է նույնիսկ փոքր դպրոցները, նշանակում է՝ այդ համայնքներին, բնակավայրերին դատապարտում է դատարկման։ Դա կարող է առաջին տարում տեղի չունենալ, բայց ծնողները մտածում են իրենց երեխաներին կրթության տալու մասին։ Երբ մարդը մի բնակավայրից տեղափոխվում է, օրինակ՝ տուն գնելիս մտածում է, որ այն դպրոցին մոտ լինի կամ տարածքում լավ դպրոց լինի և այլն։ Հիմա միավորում են փոքր դպրոցները, մի քանի տարի հետո այդ բնակավայրերում մարդ չի մնա, որովհետև փոքր գյուղերում միակ աշխատող հիմնարկը շատ դեպքերում դպրոցն է, դպրոցը հանեցիր, գյուղը կդատարկվի»,-ասում է նա։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930