Ինչ վերաբերում է իշխանության վարկանիշին, ընդհանրապես, ապա այն ուղղակիորեն շարունակում է ընկնել և, տարբեր մասնագիտական դիտարկումների համաձայն, արդեն 10 տոկոսից էլ ցածր է, մոտենում է հայտնի 7 տոկոսին, որով 2017-ին «Փաշինյանն ու ընկերները» հայտնվեցին ԱԺ-ում: Ընդ որում, կարծում ենք՝ արժե հատուկ ընդգծել, որ դա հիմնականում հենց Փաշինյանի վարկանիշն է: Եթե սոցիոլոգներն իրենց հարցումներում, օրինակ՝ դիտարկեն տարբերակ, որտեղ նշվի ՔՊ-ն առանց Փաշինյանի, ապա շատ ավելի տխուր արդյունքներ կստացվեն, այսպես ասենք՝ 1-2 տոկոսին ձգտող: Ի վերջո, ի՞նչ է ՔՊ-ն առանց Փաշինյանի: Քաղաքական առումով, կներեք, ոչինչ է, առավելագույնը՝ հանուն պարգևավճարման և էլիտարներում հիպոտեկային վարկերը փակելու համար մեկ տեղում հավաքված անձանց խումբ, որի ներկայացուցիչները, իրենց համար էլ զարմանալիորեն, հայտնվել են իշխանական լծակների մոտ:
Մի խոսքով, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի վարկանիշը մոտենում է «գետնատարած» վիճակի:
Այլ հարց է, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության դեմ, տարբեր պատճառներով պայմանավորված, նույնպես չունեն վստահության բարձր աստիճան: Այսինքն, ընդդիմադիր ուժերի և լիդերների վարկանիշներն էլ բարձր չեն: Հատկապես իշխանական ճամբարի քարոզիչները մշտապես շեշտում են այս հանգամանքը, անգամ շրջանառում են թեզ, թե՝ տեսեք, չնայած ամեն ինչին, անձամբ Փաշինյանի վարկանիշը մյուսներին չի զիջում, անգամ բարձր է: Ասել կուզի՝ Փաշինյանը մրցունակ է, երրորդը, չորրորդը: Ավելին, քպականներին ոգևորում է, որ բոլոր հարցումներով նա առաջին տեղում է՝ թեկուզ 10-12 տոկոսով:
Բայց դա փոքր-ինչ մակերեսային և քարոզչական մանիպուլ յացիա է:
Կարդացեք նաև
Խնդիրն այն է, որ նախ՝ Փաշինյանի այդ «մյուսներից բարձր» համարվող վարկանիշն այսօրվա սմքած վիճակին է հասել չափազանց մեծ բարձրությունից (օինակ՝ 2018-ի մայիսի, անգամ՝ դեկտեմբերի համեմատ): Այսինքն, Փաշինյանը անգամներով կորցրել է հանրության վստահությունը, էլ չենք խոսում հարգանքի և աջակցության մասին: Ու կորցրել է նաև մի բան խոստանալով, տրամագծորեն հակառակն անելով, հարկային, տուգանքային, գնաճային անդուր հետևանքներ ձևավորելով, ստերով ու հակասական հայտարարություններով: Իսկ դա գրեթե անհնարին է դարձնում նրա կողմից նույն հանրության վստահությունը նորից շահելու հնարավորությունը, մանավանդ հիմա՝ Սյունիքը «մեծ Թուրանի» միջանցքի տակ դնելու, Արցախը մոռանալու, Հայոց ցեղասպանությունն ուրանալու ցրցամ տալու, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավելու մոտեցումների ու դրանց ագրեսիվ քարոզչության պայմաններում:
Գանք ընդդիմադիրներին: Որքան էլ որ հիմնական ընդդիմադիր ուժերի վարկանիշը ցածր է նշվում կամ դիտարկվում, պետք է այստեղ հաշվի առնել, որ նրանք, բոլորը միասին, Փաշինյանից անհամեմատ բարձր վարկանիշ ունեն: Իսկ, այ, Փաշինյանի սատելիտ «մարդ-կուսակցությունները» իշխանությանը գրեթե ոչինչ չեն տալիս:
Ավելին, եթե ընդդիմադիր ուժերը կարողանան հանդես գալ միասնական ճակատով (պարտադիր չէ մեխանիկական միավորմամբ, այլ հենց միմյանց դեմ չպայքարելու միասնականությամբ, գլխավոր հարցերում միասնական մոտեցումներով), ավելին՝ պարզ ու հստակ ներկայացնեն հանրությանը, որ իրենց ամենաառաջնային նպատակը իշխանությունից Փաշինյանի ու ՔՊ-ի հեռացումն է, ապա կա ենթադրություն, որ ընդդիմադիրների հանրագումարային վարկանիշը էապես կաճի, առավել ևս՝ հարգանքն ու աջակցությունը:
Ամեն պարագայում, Փաշինյանը, կարելի է ասել, իր 7 տոկոսի շրջածիրում է: Ինչ վերաբերում է իրական ընդդիմադիրներին, ապա նրանք առանձին-առանձին, ինչպես նաև միասին աշխատելու շատ ու շատ բան ունեն: Հենց այնպես, ինքն իրեն ոչինչ չի լինելու:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։