Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը. Արման Թաթոյան

Սեպտեմբեր 04,2025 11:24

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը: Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը և պատրանքային դարձնելով ու թղթի վրա թողնելով խաղաղության գաղափարն առհասարակ: Իսկ Հայաստանի իշխանությունը մասնակցեց այդ ավանտյուրային` հանուն իշխանություն պահպանելու հույսերի` «խաղաղություն» բառը կեղծ «հաղթաթուղթ» դարձնելու համար։

Իրականում, ԱՄՆ-ում օգոստոսյան գործընթացներից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր անգամ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։

Նախ, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը՝ այն ներկայացնելով իբրև «խաղաղության պայմանագրի» համար լրջագույն խոչընդոտ:

Ընդամենը երկու օր առաջ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է, հայտարարել է. «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։ Ի դեպ, մարդկանց ցուցակագրումները, ինչպես նշել եմ երեկ, սկսվել են դեռ մի քանի տարի առաջ։

Երբ ասում եմ, որ ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արեւմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար,  եւս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից եւ, բնականաբար, դա իշխանության հովանավորությամբ գործող միավոր է։

Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա:

Այս փաստերն ամենևին էլ սպառիչ չեն, բայց հստակ ցույց են տալիս ծանրագույն վտանգները ՀՀ ինքնիշխանության ու պետականության համար, ինչպես նաև պարզ դարձնում, որ այդ պայմաններում իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930