Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստան-Ճապոնիա համագործակցությանը

Սեպտեմբեր 04,2025 11:38

Տոկիոյում՝ Կանտեյում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։

Վարչապետ Շիգերու Իշիբան ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա՝ ընդգծելով, որ այն լավ հնարավորություն է Հայաստան – Ճապոնիա հարաբերությունների հետևողական զարգացման և փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Նա նշել է, որ Ճապոնիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը տարբեր ոլորտներում։ Միաժամանակ, Շիգերու Իշիբան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանում կապահովվի երկարատև և կայուն խաղաղություն:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է նոր թափ հաղորդել Հայաստան – Ճապոնիա համագործակցությանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Նա ընդգծել է, որ առաջիկայում նախատեսվում է երկկողմ գործարար համաժողով, որն իրապես կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ դրա արդյունքում ճապոնական բիզնեսի ներդրումները Հայաստանում էապես աճ կգրանցեն։

Երկրի ղեկավարը կարևորել է նաև նախորդ տարիների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև աղետների կանխարգելման, մարդկային ռեսուրսների զարգացման, ենթակառուցվածքների, փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման և այլ ոլորտներում հաստատված համագործակցությունը: Վարչապետը բարձր է գնահատել այս տարիների ընթացքում Ճապոնիայի ներգրավվածությունը Հայաստանում, այդ թվում` զարգացման և տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է գործընկերոջը «ԷՔՍՊՈ 2025» համաշխարհային ցուցահանդեսի հյուրընկալման և հաջող անցկացման առիթով։ Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը ցուցաբերած աջակցության համար: Կողմերը կարևորել են այս հարթակը՝ որպես Հայաստան- Ճապոնիա փոխգործակցության առաջմղման եզակի հնարավորություն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան – Ճապոնիա համագործակցության հիմնական ուղղությունները՝ տնտեսական կապերի և ներդրումային համագործակցության ընդլայնումը, կրթության, գիտության և մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում կապերի խորացում:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման հետագա քայլերի շուրջ:

Ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930