Aravot.am-ը մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանից հետաքրքրվեց, թե ինչ խնդիրներ են ծագել Google-ի հետ կապված:
Նա ներկայացրեց իր կատարած չափումները՝ Ucom-ից, viva-ից, fnet-ից նաեւ vpn-ով՝ արտասահմանյան օպերատորներից: «Ամերիկյանները լիարժեք աշխատում են, Գերմանիայում, Ֆինլանդիայում խնդիր չկա: Ինչ վերաբերում է Հայաստանին, տեսնում ենք, որ կապի արգելափակում չկա. հայաստանյան օպերատորները ճիշտ են ճանաչում Google-ի հասցեն (DNS) եւ ուղղորդավորում են ճիշտ սերվերների, բայց հենց բանը հասնում է այդ սերվերների հետ կապ հաստատելուն, ստանում ենք երկու տիպի խնդիր՝ generic_timeout_error եւ host_unreachable, այսինքն՝ Գուգլի սերվերները չեն պատասխանում, հասանելի չեն»,-ասաց մեդիափորձագետը:
Նրա ձեւակերպմամբ, դա կարող է նշանակել հետևյալը. «Ինչ-որ տեխնիկական խնդիր է կոնկրետ Google-ի կողմից: Քարտեզով, որ նայում ենք, տեսնում ենք, որ խնդիրների մասին հաղորդել են նաեւ Թուրքիայում, Իտալիայում… Ստացվում է, որ Հարավային Եվրոպայում է խնդիրը: Google-ն մեծ ինտերնետ պրովայդեր է, հնարավոր է Google-ի կապուղու հետ կապված խնդիրներ էին, որոնց մասին տեղյակ չենք, բայց ամեն դեպքում Google-ն այնպիսի հսկա է, որ չի կարող թույլ տալ, որպեսզի այս ամենը տեւական լինի: Ի դեպ, նախկինում էլ նման անոմալիաներ եղել»:
Ժամը 11-ից Հայաստանում նկատելի Google-ի խափանումներն իսկապես կարգավորվեցին, վերացավ նաեւ համարյա համազգային խուճապը սոցցանցերում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ