Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր արժանիքների համար Ձեզ նշանակեցին մարզպետ. հարց Արեն Մկրտչյանին

Սեպտեմբեր 04,2025 14:01

Ո՞ր արժանիքների համար Ձեզ նշանակեցին մարզպետ․ այս հարցն այսօր լրագրողները տվեցին ՔՊ-ական նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանին, որն այսօր, կառավարության որոշմամբ, նշանակվեց Լոռու մարզպետի պաշտոնում։

Հիշեցնենք, որ նա 2022-ին փորձել էր ընտրվել Ալավերդի համայնքի ղեկավար «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով, բայց «Ապրելու երկիրն» այստեղ առավելություն ունեցավ, Արեն Մկրտչյանն էլ հրաժարվեց ավագանու անդամի մանդատից ու վերադարձավ խորհրդարան: «Ձեր չընտրվելը ձեզ չվստահելու ապացո՞ւյցը չէ»,-նաեւ հետաքրքրվեցին լրագրողները:

«Աշխատանքները, որ արվում են, կառավարության եւ մեր քաղաքական թիմի ջանքերն են, դա հեղափոխության արգասիքներն են։ Արժանիքները գնահատել է վարչապետը, որոշումը կայացրել է վարչապետը, նշանակումը կատարել է վարչապետը»,- պատասխանեց Արեն Մկրտչյանը։

Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, որ առաջիկայում համապետական ընտրություններ են եւ տեսակետ կա, որ Նիկոլ Փաշինյանը մտերիմ մարդկանց է մարզերում պաշտոնների նշանակում, որպեսզի կարողանան որոշակի արդյունքներ ապահովեն ՔՊ-ի համար՝ ձայների տեսքով եւ ուղիղ հարցին՝ Դուք կարողանալո՞ւ եք արդյունքներ ապահովել, Արեն Մկրտչյանը պատասխանեց․ «Քաղաքացիներն ինչպես որոշեն, այնպես էլ կլինի»։

Նա հավելեց, որ մարզպետարանում որոշակի կադրային փոփոխություններ է իրականացնելու։

Հարց հնչեց նաեւ նախկին սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին։ Արեն Մկրտչյանն ասաց, որ այդ մասին գիտե այն, ինչը պաշտոնապես տարածվել է։ Ասաց՝ թեմային եւ մանրամասներին տեղյակ չէ, իրավապահ համակարգին էլ վստահում է։

Հիշեցմանը՝ իր թիմակիցներից մեկը (Էդուարդ Աղաջանյանը.-խմբ.) ասում էր, որ Հայաստանում չկա միջին վիճակագրական խնջույք, որտեղ թմրանյութ չի օգտագործվում եւ հետաքրքրվեց՝ նախկին նախարարի եղբոր հետ կատարվածն ա՞յդ շրջանակներում է։

«Ես այդ տեսակետը չեմ կիսում»,- պատասխանեց Արեն Մկրտչյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930